Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց գիտաժողովի, որ կոչվում էր «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» : Լրագրողները նրան հարցերով ուղեկցեցին։

Արդեն բակում երբ Փաշինյանը հեռանում էր, մի քաղաքացի փորձեց մոտենալ նրան՝ հեռվից ներկայանալով որպես նրա հեղափոխական ընկեր։

Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչը դատարաների ելումուտը արգելափակելու մասին այսօր լրագրողները հիշեցրին Արդարադատության նախարարին, սակայն մեկնաբանություն Զեյնալյանին չլսեցին, նախարարը որոշել էր չշտապել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ արգելափակելու դատարանների ելումուտը,  արձագանքել են ԵԽԽՎ-ից։ «Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշում»,- հայտարարել են Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները ։ Իսկ Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի» պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմը հայտարարել է՝ «Մեր մտահոգություն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ» ։ Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքանը Փաշինյանի համար կանխատեսել է պոպուլիզմի անդունդ․ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ այն է եղել, որ Փաշինյանը, հնարավորություն չունենալով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, կգլորվի դեպի պոպուլիզմ, որը նրան բերեց իշխանության։ Այդպես էլ կա»,- գրել է նա Twitter-ի էջում ։ Արձագանքել է նաեւ ԱՄՆ դեսպանատունը՝ հայտարարելով, որ քաջալերում են Հայաստանի կառավարությանը հետամուտ լինելու դատական բարեփոխումներին՝ Սահմանադրությանը համահունչ ։

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը այսօր էր։ Երանոսյանը լրագրողներին փոխանցեց գրավոր հայտարարություն, ըստ որի՝ ինքը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարանը որպես վկաներ հարցաքննության կանչի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի։ Դատախազն ու տուժող կողմն առարկեցին, դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ դատաքննության արդյունքում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ ։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 19-ին։ Վահե Ղուկասյանի ազգականը NEWS.am-ին պատմել է, որ գիշերը հաղթանդամ մեկը մտել է բանտախուց՝ փորձել դանակով հարվածել կրծքին, հետո վիզը վնասել։ Վահեն դիմադրել է»։ Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ Ղուկասյանի խցում եղել է  վիճաբանություն, երկու դատապարտյալ իրար մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրանց  տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։ Պատգամավոր Վարդան Ղուկասյանը դեպքը մեկնաբանեց որպես մահափորձ, «150 կգ-անոց հաղթանդամ տղամարդը հարձակվել է քնած մարդու վրա՝ Սաֆարովի դեպքի պես»,- պատմեց նա։ Վահե Ղուկասյանը դատապարտված է 17 տարվա Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար ։

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: «Արսենալի» հայտարարության մեջ նշված է, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի հավաքականի ավագի եւ նրա ընտանիքի հետ: Մխիթարյանը եւս մեկնաբանել է այդ որոշումը․ «Քննարկելով բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք բարդ որոշում: Այսպիսի հանդիպում հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, եւ ես պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Կերկրպագեմ իմ թիմակիցներին»,- գրել է նա սոցցանցում։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 479 դրամ, եվրոն 534 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 608, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:

Մայիսի 22-ին Հայաստանի մարզերի մեծ մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29։