Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Օրակարգը չի հրապարակվել, բայց դատելով վարչապետի նախաբանից՝ քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումները։

Իշխանական օպերացիան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի դեմ շարունակվում է։ Այսօր Թովմասյանի հայրը եւ դուստրերը հրավիրվել էին ԱԱԾ հարցաքննության։ Ծանուցագրերում սակայն ԱԱԾ-ն չի բացահատել, թե ինչ գործի շրջանակում է հետարքրվում նրանց գույքով։ Երեկ Դարակերտում քննիչները Թովմասյանի հորը հարցրել էին տան տանիքի մասին, այսօր պարզվեց՝ այդ միակ հարցը չի փոխվել։

Թովմասյանի դուստրերին եւս գույքի վերաբերյալ հարցեր են տրվել՝ ավագին ավտոտնակի, կրտսերին՝ մեքենայի մասին։

ԱԱԾ շենքի առաջ նաեւ բողոքի ակցիա էին անում իրավաբաններ եւ իրավապաշտպաններ։ Ակցիայի կազմակերպիչը Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ հետապնդում է իրականացվում Թովմասյանի նկատմաբ, ընդ որում՝ անթույլատրելի մեթոդներով՝ կարմիր գծեր տրորելով։

Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ հետեւում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին եւ կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Հայտարարության տեքստի տակ չի ստորագրել դատավոր Վահե Գրիգորյանը:

Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության կանչելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը կարճ պարզաբանում հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից»:

Երեկ երեկոյան մամուլում լուր տարածվեց, թե իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաեւ պարտադրել են գրել, թե ով է իր այսպես ասած «կռիշը», ում է տվել շորթած գումարները: Նրան նաեւ ծեծել են՝ հարվածել են կողերին, ոտքերին: Ավելի ուշ պարզվեց, որ բերման ենթարկվածները 5 հոգի են։ Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, ծաղիկներ ներմուծող ընկերություն ունի, եւ ըստ մաուլի՝ ոստիկանները փորձում էին ցուցմունք կորզել հենց Վանեցյանի դեմ։ Այսօր ոստիկանությունը հայտարարեց, որ այդ հրապարկման հիմքով ծառայողական քննություն են սկսել։ Իսկ հինգ քաղաքացիները, որոնք բերման էին ենթարկվել, դիմել են Հատուկ քննչական ծառայություն՝ հայտարարելով, որ իրենց բռնությամբ ոստիկանություն են տարել և  ճնշումներ գործադրել։ Կարեն Ղազարյանը հայտնել է, որ երբ չի հաջողվել ցուցմունք կորզել, դիմակավորված ոստիկանները հայհոյել ու ծեծել են իրեն։

Ազատության պողոտայում ոստիկանի սպանության եւ դրան նախորդած գողության գործերով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին։ Նրանցից անչափահասին՝ ծնված 2003 թվականին, Քննչական կոմիտեն մեղադրում է 4 հոդվածով՝ սպանություն՝ կապված անձի ծառայողական գործունեության հետ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, զենքի հափշտակում եւ գողություն։ 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց կալանավորելու համար:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը  դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նա նշել է, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու մոտեցումները քաղաքաշինության բնագավառում․ «Ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից»․- գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկ տարվա պաշտոնավարումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախորդ երկու տուրերում Հայաստանի հավաքականը ձախողեց արտագնա հանդիպումները Լիխտենշտյենի եւ Ֆինլանդիայի հետ՝ զրկվելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

Երեկ հայտարարվեց, որ Վաշինգտոնն ու Անկարան պայամանավորվել են Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին, եւ Թուրքիան 120 ժամով կդադարեցնի ռազմարշավը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեին անվտանգության գոտու շրջանը: Բայց պայմանավորվածությունը ժամեր անց խատվեց, այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերը վերսկսել են գրոհները Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռաս էլ Այն քաղաքի վրա: Այնտեղ կրակոցներ են հնչել եւ ծուխ է նկատվել մի քանի թաղամասերում: Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:

Դոլարի փոխարժեքն այսօր աննշան նվազել է, կազմել է 476 դրամ, եվրոն 530 դրամ է, բրիտանական ֆունտը 614 դրամ է, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 45 դրամ։

Հայաստանի առանձին մարզերում առաջիկա շաբաթ օրվա երկրորդ կեսին եւ կիրակի սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +25+27: