Սոթքի հանքի շուրջ նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները վրդովմունք են առաջացրել Վարդենիսի շրջանի բնակիչների շրջանում։ Վարդենիսցիներին զայրացրել է այն, որ իշխանություները, ինչպես իրենք են պնդում, տեղյակ են եղել, որ ադրբեջանցիները մտնելու են հանքի տարածք, սակայն իրենց ոչ ոք չի նախազգուշացրել։ Անակնկալի են եկել նաև Սոթքի հանքի աշխատակիցները՝ տեսնելով մեծ թվով ավտոմեքենաներով հանքի տարածք մտնող զինված ադրբեջանցիներին։ Գիշերը համացանցում տարածվեց վարդենիսցների երիտասարդներիտեսաուղերձը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Արդեն այսօր Սոթքի հանքավայր աշխատակիցներին ասել են, որ գործի չգնան։ Աշխատակիցներն անորոշության մեջ են. բացի աշխատանքը կորցնելուց անհանգստանում են նաև իրենց ընտանիքների անվտանգության համար։ Այսօր Սոթքի աշխատակիցների հետ հանդիպման է գնացել անկախ պատգամավոր, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը։ Աշխատակիցները նրա հետ զրույցում դժգոհել են՝ թուրքերն ավտոմատով եկել, իրենց հրահանգել են լքել աշխատավայրի տարածքը, մինչդեռ հայկական զինված ուժերից ոչ ոք իրենց կողքին չի եղել։

Ավելի ուշ իրենց գործընկերոջը միացել են նաև ԲՀԿ պատգամավորները։

Կեսօրից հետո Սոթքի դեպքերին իր հեռուսատուղերձում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս օրերին կատարվածը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման գործընթացն է։

Անդրադառնալով խոսակցություններին, որ պատերազմից հետո ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ, քանի որ պատերազմի ընթացքում կառավարությունը սխալ տեղեկություններ է փոխանցել հանրությանը՝ Փաշինյանն ասել է՝ պատերազմի մեկնարկին եւ ընթացքում ասել եմ ամեն ինչ, բայց մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով։ Ավելին՝ Փաշինյանը համոզված է, որ ժողովուրդը մինչև հիմա էլ շարունակում է վստահել կառավարությանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հնչեցրած մեղադրանքներին։ Նրան ակնարկելով՝ Փաշինյանն ասել է, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիս է տալիս ու մեղադրանքներ հնչեցնում։  Վարչապետն անդրադարձել է նաև Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եղել է հրամանատարական կետում, որտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելված է։

Ի դեպ, Մովսես Հակոբյանն արդեն արձագանքել է Փաշինյանի ելույթին։ «Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել»,– ասել է նա: Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, գեներալն ասել է. «Հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»:

Նախ ՊՆ–ի, ապա կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացրել Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները, որոնք պահանջում են Հայաստան վերադարձնել իրենց զավակներին, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են, իսկ նրանք այնտեղ պահվում են անմխիթար պայմաններում։ Բացի դրանից, ծնողները պահանջում են, որ զինծառայողներին բերեն Հայաստան մինչև նոյեմբերի 30-ը, քանի որ դեկտեմբերի 1-ին Քաշաթաղը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և նրանք մտավախություններ ունեն, որ դրանից հետո իրենց զավակները չեն կարողանա դուրս գալ Արցախից։ Նրանցից հինգին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։      Վարչապետը ծնողներից 2 օր ժամանակ է խնդրել՝ խոստանալով երկու օրից հստակ պատասխան տալ իրենց հարցերին։

Կեսգիշերն անց Փաշինյանը գրառում էր արել ու տեղեկացրել, որ վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:

Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը»,– գրել էր Փաշինյանը։

Երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին մեկնելու է Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ Մոսկվա գործուղելու մասին՝ վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով:

Ադրբեջանական կողմում պահվող հայ գերիների հարցն ամենացավոտ խնդիրներից է։ Ռուսական լրատվականների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում 150 հայ գերիների մասին տվյալներ կան, որոնք ողջ են, եւ նրանց հետ ստանալու աշխատանքներ են տարվում։ Իսկ թե ինչու մինչ օրս չի ստացվել, պարզ չէ։ Երեկվանից ադրբեջանական հարթակներում ինֆորմացիա է պտտվում, թե առաջիկա օրերին պատրաստվում են Բաքվում հաղթանակի շքերթ անցկացնել, որի ընթացքում կցուցադրեն հայ ռազմագերիներին ու հայկական զինտեխնիկան։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 34 զինծառայողի  անուն։ Պաշտոնապես հրապարակված զոհերի ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1660–ի:

Ստեփանակերտում պատերազմից հետո այսօր՝ նոյեմբերի 27-ին բացվել է առաջին դպրոցը։ Շուտով բացվելու է նաեւ համալսարանը։  Դպրոցի մուտքին ամրացրած ցուցանակի վրա ռուսերեն գրված էր՝«Спасибо России»։

Ռուսաստանի ՊՆ–ն տարածել է տեսանյութ, որում արցախցիները քաղցրավենիքով ու մրգերով իրենց շնորհակալությունն են հայտնում ռուս խաղաղապահներին։ Այդ արարողությանը ներկա էր նաեւ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած 20-ամյա Դավիթ Գրիգորյանին այսօր՝ նոյեմբերի 27-ին, հողին հանձնեցին Սարդարապատում։ Սարդարապատցի Դավիթ Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել էր մարտական գործողություններին, հասցրել էր Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր ՀՄՄ: Հոկտեմբերի 4-ին Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Գրիգորյանն արժանացել էր «Արցախի հերոս» բարձր կոչման՝ պարգեւատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու 1476 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2090 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 527 է: