Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել: Ֆեյսբուքում շարադրած հրաժեշտի խոսքում Առաքելյանը հրաժարականի պատճառների մասին չի նշել։ Նա գրել է, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, պատերազմում վիրավորվածների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացն էլ, ըստ նրա, դրված են բավարար հիմքերի վրա։

Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի կարող ասել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նաեւ չգիտի, թե գործադիրում պաշտոն ստանալու համար մանդատը վայր դրած Նարեկ Սարգսյանը նախարա՞ր է նշանակվելու, թե՝ փոխնախարար։ Փաշինյանի հրաժարականի օրն էլ չգիտի, բայց լրագրողների հետ զրույցում  ասել է՝  մինչև ամսվա վերջ:

Ձերբակալված սյունեցիներին ազատ արձակելու պահանջով գլխավոր դատախազության շենքի մոտ նախօրեին՝ երեկոյան, տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցվել է քրեական գործ, 14 անձ է բերման ենթարկվել, զգալի մասը դաշնակցականներ, այդ թվում՝ կռված-վիրավորված տղաներ, նաեւ մեկ կին։ Բերման է ենթարկվել նաեւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգորը: Հիշեցնենք, որ ոստիկանների եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ բախումներ էին եղել, մեկ ոստիկան վատացել էր։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ երկրում, կարծես, փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, սակայն, քաղաքացիները չեն հանդուրժի։ Նա ArmLur.am-ին  ասել է, թե չի ուզում հավատալ, որ իր նախկին գործընկերները, այնուամենայնիվ, կմասնակցեն երկրի համար ամոթալի ու կործանարար այս գործընթացին։  «Փողոցային ակցիաներով իշխանության եկած մարդը չպիտի ընտրի այսպիսի ճանապարհ, ավելին՝ դրդի իրավապահ մարմինների ղեկավարներին գնալ նման ապօրինությունների», ասել է Համբարձումյանը։ Այդպիսի երևույթները կանխելու, պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ԱԱԾ աշխատակիցներին օգնելու նպատակով նա իր գործընկերների հետ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» է հիմնել։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Դատարանը նրա ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ։ Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ երեկ նրան ապօրինի բերման են ենթարկել  քննչական կոմիտե, որտեղ ենթադրաբար ղեկավարներից մեկի հրահանգով պատճառել են մարմնական վնասվածքներ։

Դուրս գալով Քննչական կոմիտեից Մենուա Հովսեփյանը, որի դեմքին մնացել էին ճանկռվածքի հետքեր,  լրագրողներին ասել է, որ Երեւանի վարչությունում, նրա ձեւակերպմամբ, մի պղծված անձնավորություն, որին ոստիկան կոչել չի կարող եւ հետո կհրապարակի անունը, որոշ չափով այլանդակություն է թույլ տվել իր նկատմամբ։ «Եթե դրա պատասխանն օրենքի դաշտում չտան, նոր ես կխոսեմ այդ մասին», ասել է նա։

Դատարանը նաեւ ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցիների գործով գնդապետ Արայիկ Թումանյանի ձերբակալությունը։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբանը եւ  շնորհակալություն հայտնել դատարանին։ Ընդհանրապես, Սյունիքի դեպքերով ձերբակալվածների մեծ մասի ձերբակալումը դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել ու ազատ արձակել։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է  Քննչական կոմիտե՝ դեռեւս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրան մեղսագրվում է մարդու առեւանգում։

Սյունիքի սահմանին հնչող կրակահերթերի համար մտահոգվելու կարիք եւ առիթ չկա, NEWS.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ «Կոչ եմ անում՝ խուճապ կամ որեւէ այլ բացասական տրամադրություն որեւէ մեկի կողմից չտարածվի», նշել է նա:

Որեւէ երաշխիք տալ, որ մեր սահմանները բավարար չափով պաշտպանված են, չենք կարող, աջակիցների հետ օրեր առաջ կայացած հանդիպմանը հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ նրա՝  ՀԱՊԿ անդամ երկրները դաշինքին մասնակցում են ամեն մեկն իր բանակով: «Մտածել, որ կարող ես լուծարել բանակը, 5 տարին մեկ 3 ամիս, ինչ-որ անհասկանալի հավաքներով բանակ ունենալ, չես կարող», ասել է նա։

Ռուսաստանը պարտավորություն ունի պայմանագրով, բայց եթե մենք մեր պարտավորությունները չենք կատարում, ապա մեծ հարց է, թե մեր անվտանգությունը երաշխավորված է, թե ոչ, ասել է նա:

Ամենավատն այժմ վտանգները բացառելն է, նշել է երկրորդ նախագահը, հիշեցրել, որ պատերազմից շաբաթներ առաջ իշխող ուժի ներկայացուցիչները բացառում էին Թուրքիայի մասնակցությունը, մինչդեռ, մենք ամեն օր պետք է ընդունենք, որ այդ վտանգը կա եւ ամեն օր պետք է քայլեր անենք այդ վտանգը չեզոքացնելու համար:  Ըստ 2-րդ նախագահի՝ վտանգ կա եւ դա պահանջում է պետական ռեսուրսների, ողջ ազգի լրջագույն մոբիլիզացիա, այդ թվում Սփյուռքի:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում գրել է, որ Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ: «Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ի՞նչու է վստահ։ Պարզ է՝ կա պայմանավորվածություն Հայաստանի իշխանությունների հետ։ Հիմա հասկանում ե՞ք՝ ինչու են Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա», գրել է Բագրատյանը։

ԵՊՀ գիտխորհրդի նիստին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին և Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 715 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 212 հազարից: Մեկ օրում մահացել է 19 վարակված, որոնցից 4-ը՝ այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 4979 է:

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը հասել են եզրափակիչ եւ կպայքարեն մեդալների համար: Մեր  հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ին ասել է, որ երբեւէ այսպիսի ուրախություն չէր զգացել, նույնիսկ թուրքերն են մոտեցել եւ շնորհավորել այդպիսի արդյունքների համար: «Պատերազմից հետո ապրումներն այլ են: Հպարտ եմ: Հաջորդ նպատակը՝ ապրիլի 24-ին մեդալ նվաճելն ու այդ օրը Հայաստանին հաղթանակ նվիրելն է», ասել է նա:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով, կազմել է 521.89 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել  0.25 դրամով ու հասել 629.24 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.73 դրամով ու կազմել 724.44 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով ու կազմել 6.94 դրամ:

Ապրիլի 24-25-ը երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում եւս տեղումներ չեն սպասվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 8-ից 10, վաղը ցերեկը 25-ից 27 աստիճան զրոյից բարձր։