NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի  ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 3-րդ՝ սեպտեմբերի 29

Պատերազմի երրորդ օրվա լրահոսը սկսվեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդագրությամբ, որ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ «Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումները հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ»,- գրել էր Ստեփանյանը։ Քիչ անց  ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց,  որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել եւ պատրաստվում է հերթական հարձակման։

Առավոտյան մամուլը հայտնեց, որ իշխանությունը ցանկանում է հայրենիքի պաշտպանության գործին ներգրավել նախկին բարձրաստիճան զինվորականներին։ Մասնավորապես, «Իրատես» թերթը գրեց. «Ասում են, թե ի պատիվ պաշտպանության նախարարության, այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարեւորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։ «Բանակում հին ու նոր չկա» տրամաբանության շրջանակում զինված ուժերի պատասխանատուները համակարգում ներգրավել են պատերազմի բովով անցած, ժամանակին կարեւոր դերակատարում ունեցած անձանց, որոնք այս ողջ ընթացքում կապի մեջ են եղել ՊՆ-ի հետ»: Հետագայում էր պարզվելու, որ զորացրված գեներալների խիստ նեղ շրջանակի ծառայություններից է ՊԲ-ն օգտվել, տեղային նշանակության մասշտաբներով։ Չեն օգտվել նաեւ ԶՈւ ԳՇ նախկին պետեր Յ.Խաչատուրովի եւ Մ.Հարությունյանի ծառայություններից։

Արծրուն Հովհաննիսյանն իր բազմաթիվ գրառումներից մեկով «վկայում էր», թե նախարարների որդիները կամավոր են գրվում։ «Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզանով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»,- գրել էր նա: Մինչեւ հիմա նախարարների որդիների՝ պատերազմին մասնակցելու վերաբերյալ պատմություններ հասարակությանը հայտնի չեն։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իշխանությունների ավանդական հարթակում հանրությանն իրազեկեց, որ ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը: Ինչպես հայտնի է՝ «համարժեք քայլերը» այդպես էլ մնացին քննարկման փուլում։

Մամուլն ահազանգեց, որ պատերազմական դրության պայմաններում իշխանությունը թիրախավորում է ընդդիմադիրներին, վկայակոչելով Նաիրա Զոհրաբյանին, ըստ որի՝  իշխանությունը շարունակում է իր դեմ պայքարը՝ կեղտոտ մեթոդներով: Մասնավորապես, ըստ «Հրապարակ» թերթի՝ Ֆեյսբուքյան մի օգտատեր նախկին վարչապետ Բագրատյանի լուսանկարն է տեղադրել ու գրել. «Սրան, մեկ էլ Զոհրաբյան Նառային նստեցրեք «Իսկանդերի» վրա ու կրակեք Բաքու»: Զոհրաբյանն ասել է, որ դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է», որն իր դեմ կոնկրետ հանձնարարականով աշխատում է․ ԱԱԾ-ն պարբերաբար տրամադրում է անպարկեշտ ապատեղեկատվություն իր մասին։

«Ես եւ ԲՀԿ-ն շարունակում ենք հավատարիմ մնալ մեր խոսքին՝ այս փուլում որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ հակամարտության մեջ չմտնելու հարցում, որովհետեւ այս փուլում ունենք մեկ թշնամի՝ Ադրբեջանն է։  Հույս ունենք, որ պատերազմը կավարտվի մեծ հաղթանակով, որից հետո կսկսվի իրավական գործընթաց ֆեյքերի անվան տակ թաքնված իմքայլական պատգամավորների եւ տարբեր գործիչների հանդեպ: Ցավոք սրտի, այս մարդիկ չեն հասկանում իրական վտանգի չափը եւ շարունակում են իրենց նեղ անձնական, ճղճիմ հաշվեհարդարները»,– գրել էր Զոհրաբյանը:

ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Ըստ ՊՆ խոսնակի՝ հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունը, թե, իբր, ՀՀ զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ «Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Սպասեք կոշտ պատասխանի», գրել էր Շ.Պետրոսյանը:

Առավոտյան վարչապետ Փաշինյանը գրառում արեց՝ պատմելով, որ երեկոյան շչակներ են հնչել, իրեն թվացել է՝ հարսանիք է, սակայն պարզվել է, որ կամավորներն են։ «Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից: Նիստից հետո պատուհանից նայեցի ու տեսա, որ ավտոմեքենաների մի մեծ շարասյուն է պտտվում Հանրապետության Հրապարակի գորգի շուրջ, այդ թվում մի քանի ավտոբուսներ: Մեքենաների պատուհաններից դուրս եկած մարդիկ ինչ-որ բաներ էին վանկարկում, դրոշներ ծածանում: Սկզբից մտածեցի հարսանիք է, բայց արագ հասկացա, որ այս օրերին դժվար թե հարսանիքի այսպիսի դրսեւորում լիներ: Պարզվեց՝ այսպես կամավորներին ճանապարհում են առաջնագիծ: Հզոր, հզոր, հզո՜ր ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել», գրել էր Փաշինյանը:

Հակառակորդի հետ շպրտվելու մասին հերթական հայտարարությունն է արել Արծրուն Հովհաննիսյանը. «Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով եւ կրելով մոտ 60 զինծառայողի եւ զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ, հետ է շպրտվել»: Նա պնդել է նաեւ, թե Ադրբեջանի ՊՆ-ն խաբում է իր ժողովրդին. «Նրանց հայտարարությունն անգամ խոսում է ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին: Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ... մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են մեր ու իրենց կորուստները: Դրա համար փորձելու են իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել»:

Ըստ Ա.Հովհաննիսյանի՝ նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ 1-2 դիրք վերցնելը, տալը ընդհանրապես մարտավարական որեւէ բան իրենից չի ներկայացնում: «Կարեւորը զինված ուժերի ընդհանուր մարտական խնդիրները կատարելու կարողությունն է, մարտունակություն է, կառավարման հստակ համակարգն է, մարտական ոգին է»,- ասել էր նա: Մեղմ ասած, կասկածելի են ինչպես 1-2 դիրք կորցնելու, այնպես էլ «կառավարման հստակ համակարգի» մասին վստահեցումները։

Քիչ անց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը վստահեցրեց, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ։ Ըստ նրա՝ հակառակորդի կողմից ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: «Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ»,- գրել էր Շուշան Ստեփանյանը: Թե ինչ «մեծ մակերեսներ» էին, հայտնի չէ մինչեւ օրս։

Պատերազմի երրորդ օրը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երկրապահ կամավորականների վաշտն առաջնագիծ ճանապարհելիս հայտարարեց, որ «պարտավոր ենք մեր ու մանուկ կանգնելու եւ հաղթելու վերջնականապես»։  «Մեր ու մանուկ»-ը՝  առանց մեկնաբանության, իսկ ԵԿՄ-ի մասնակցության վերաբերյալ պատմություններն առատ չեն։ Օրեր անց, ԵԿՄ ակտիվության մասին տեղեկությունները հիմնականում դադարեցին տարածվել, կասկածելի հանգամանքներում Ս.Միքայելյանի՝ մեջքից վիրավորվելու, մեջքին պառկած պատգարակով հոսպիտալացվելու լուրերից հետո։

Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնեց Արցախ, չսպասելով  իր պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությանը։

Դատական նիստի հետաձգումից հետո Արցախ մեկնելու հնարավորություն ստացավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հայտարարեց, որ եթե Մեժլումյանը դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն չներկայացներ, ապա դատական նիստը կկայանար ռազմական դրության պայմաններում։

Ադրբեջանական ԶՈւ-ի «շնչահեղձ» լինելու մասին հերթական գրառմամբ հանդես եկավ Արծրուն Հովհաննիսյանը. «Հակառակորդը ինչպես ռազմաճակատում այնպես էլ տեղեկատվական տիրույթում վերջին ճիգերն է դնում, выдыхается, դրա համար մարտի է նետել ամեն ինչ, ամեն հնարավոր զենք ու անգամ վերջին ֆեյքերն ու կեղծիքները»։ Հայ հանրությանը միայն նոյեմբերի 9-ից հետո պարզ դարձավ, որ հակառակորդի շնչահեղձ լինելու մասին որակումները խիստ չափազանցված էին։

Ա.Հովհաննիսյանից հետ չմնաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. ըստ նրա՝   «հակառակորդը խուճապի եզրին է, քանի որ սկսել է թուրքական անօդաչուներով հարվածել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերին»։ Սիմոնյանի տրամաբանությամբ՝ դրանով Ադրբեջանը փորձում էր Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Ոչ մի խոսք Հայաստանի տարածքը թիրախավորելու առիթով ՀԱՊԿ-ին դիմելու հարցը գոնե քննարկելու մասին։

Էլ ավելի հեռուն գնաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա Ֆեյսբուքում վստահեցրեց. «Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու»։ Ավելին, Միրզոյանը նաեւ պնդեց. «Եվ սա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի»։ Առանց մեկնաբանության։

Լեռնային Ղարաբաղում սրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում խորը վերլուծության եւ քննարկման թեմա է, հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ Կրեմլը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի համար հակամարտող Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակին, եւ կողմերին պետք է համոզել վերադառնալ կարգավորման քաղաքական-դիվանագիտական միջոցին: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկերներին, ինչպիսիք են Թուրքիան, ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդ կողմերին համոզեն դադարեցնել կրակը եւ վերադառնալ այս երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով»,- ասել է Պեսկովը:

Արծրուն Հովհաննիսյանի հերթական ոգեւորիչ գրառումը. «Մեր հրետանավորները վիրտուոզ են. ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»։

Հայաստանի տասնյակից ավելի կուսակցություններ համատեղ կոչով դիմեցին  Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ շեշտելով երկու հայկական պետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Այս հայտարարությանն արձագանք չի եղել։

Պատերազմի 3-րդ օրը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում էր Milano Finanza Digital Week համաժողովին (հիշեցնենք, որ նա նախօրեին էլ էր համաժողովի՝ կիբերանվտանգության թեմայով): Բացման խոսքի սկզբում նա խոսել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմի մասին և ընդգծել, որ հարցը ուժի միջոցով լուծելու փորձը որևէ հեռանկար չունի։ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի: Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից»: Հետո նա անդրադարձել էր համաժողովի բուն թեմային։ Առանց մեկնաբանության։

Հայտարարություն տարածեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Հայկական կողմի համար պահի հրամայականը`

ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է,

բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»:

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ։ Ըստ նրա՝ Վարդենիսը ռմբակոծելու, հայկական ՍՈւ-25 գրոհիչը խոցելու գործում ադրբեջանական ԱԹՍ-ներին եւ ավիացիային օգնել են Գյանջայից օդ բարձրացած թուրքական F-16 կործանիչները: Պատերազմին թուրքական F-16-երի մասնակցության թեմայով հետաքննություն էր սկսել ռուսական կողմը եւ հայկական կողմից փաստեր եւ հիմնավորումներ խնդրել։ Դրանց ապացույցները բավարար չեն եղել։

Թեմայի շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառեց. «Ադրբեջանը՝ Թուրքիայի՝ ակտիվ քաղաքական ու ռազմական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը: Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին»: Հանրության կասկածները «համարժեք ռազմաքաղաքական պատասխանի» շուրջ մինչեւ օրս չեն փարատվել։ 

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ռուսական մամուլին հայտնեց, որ Երեւանը օգնության համար դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետ, սակայն իրավիճակը կարող է փոխվել այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց հայկական ինքնաթիռը: «Այժմ քննարկվում է ՀԱՊԿ-ին դիմելու հարցը»,– ասել էր նա: Հիշեցնենք, որ պատերազմի 44 օրերին ՀՀ-ն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «մեր զորքը հաջողություն ունի հյուսիսում. ամենածանր մարտերը հարավային ուղղությամբ են ընթանում», նույնիսկ փորձեց պատերազմը հայկական զորքերի համար ներկայացնել որպես զորավարժություն։ «Զանգել եմ Հաթերքի գումարտակի հրամանատարին, ասում եմ՝ ինչ կա, ինձ զեկուցում է կարծես սովորական զորավարժություն լինի, ասում է՝ դե ամեն դիրքի վրա 100-ից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, հեսա մի խումբ է, դա էլ ենք ուղարկում. զեկուցում է ոնց որ զորավարժություն։ Չկա որեւէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով պարոն նախագահ, հարցը լուծվելու է շատ կարճ ժամկետում։ Մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձեւ են։ Թալիշում հաջողվել է, ամենածանր մարտերն այնտեղ եւ Հարավային ուղղությամբ են ընթանում։ Տանկերով գալիս են, խփում ենք՝ վառվում են։ Խփելու ենք էնքան, մինչեւ ուշքի գան»,- ասաց նախագահը։ Արայիկ Հարությունյանն ասել էր նաեւ, որ չեն խնդրելու զինադադար. «Մենք պարտադրելու ենք զինադադար, եթե մենք խնդրենք զինադադար, դա կլինի Հայաստանի վախճանը,  որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը. Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ»։ Առանց մեկնաբանության։

Չնայած ԶԼՄ-ների առջեւ դրված սահմանափակումներին, Razminfo-ն Թվիթերում գրեց.  «Թուրքական թռչող օբյեկտը` ամենայն հավանականությամբ, Bayraktar TB-2 մարտական անօդաչու ինքնաթիռը, այժմ շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում, ամենայն հավանականությամբ, դիտում է հայկական օդուժի շարժը»։

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ ղարաբաղյան հակամարտությունից: «Քանի որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ զոհերի թիվն արագ աճում է, Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ ապաէսկալացիայի կոչ անի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին: Վարչակազմը պետք է այլ երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից, պահանջի հեռու մնալ այդ հակամարտությունից»,- նշել էր Բայդենը:

Պետական գերատեսչությունների գործառույթ ստանձնելով Մարիամ Փաշինյանը հասակակիցներին զգոնության կոչ արեց. «Սիրելի՛ երեխաներ, մեր զինվորներին չվնասելու համար զգոն եղեք սոցցանցերում։ TikTok-ում ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ մեր զինվորների, կամավորներին տեղափոխող ավտոբուսների, տեխնիկայի շարժի վերաբերյալ տեսանյութեր։ Հիշե՛ք, սոցիալական ցանցերում մեր զինվորը նաև դո՛ւք եք։ #հաղթելուենք», գրեց վարչապետի ավագ դուստրը։

«Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն հարթակում, որտեղից այն սկսվել էր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում: «Շատ դժվար է խոսել բանակցությունների մասին, երբ կոնկրետ ռազմական  գործողություններ են ընթանում: Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունը, եւ Ադրբեջանը պետք է բանաձեւ ընդունի. ԼՂ հակամարտությունը  ռազմական կարգավորում չունի»,- ասել էր վարչապետը:  

Ոստիկանությունը կոչ արեց քաղաքացիներին ձեռնպահ մնալ արցախցիներին իրենց տներում ապաստան տալու ինքնագործ քայլերից: Ըստ ոստիկանության՝ ցանկացած հուզական քայլ հակառակորդը կարող է օգտագործել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար: Ինչպես ցույց տվեցին հաջորդող օրերը՝  փախստական արցախցիներին առաջին օգնությունը ցուցաբերելու եւ ծածկով ապահովելու գործում մեծ դեր խաղաց հենց Հայաստանի հասարակության ինքնակազմակերպվածությունը։

Արցախի նախագահի գրառումը եւ հրապարակած լուսանկարը ոգեւորիչ ազդեցություն ունեցան համախմբվածության հարցում հոռետեսների եւ Արցախյան առաջին պատերազմի հերոսների ծառայություններից չօգտվելու համար մտահոգվածների շրջանում։ «Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու ՊԲ հրամանատարությանը լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով: Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար»,– գրել էր Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախկին բարձրաստիճան հրամանատարներ Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Օհանյանը, Արշավիր Ղարամյանը, Արթուր Աղաբեկյանը, Լեւոն Մնացականյանը եւ այլոք: Այս գեներալների ծառայություններից լիարժեք օգտվելու շուրջ հարցականները մնում են օդում պատերազմից մեկ տարի անց էլ։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմեց  ՀՀ ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ։ Նրա խնդրանքը մնաց անպատասխան։ Մամուլին հայտնի դարձավ նաեւ, որ Մ.Հարությունյանն առաջարկել էր իր հետ ՀՕՊ մասնագետներ բերել՝ ԱԹՍ-ների դեմ պայքարի նպատակով, ինչը եւս իշխանությունների արձագանքին չի արժանացել։

Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը (նա զոհվեց հոկտեմբերի 25-ին՝ NEWS.am) տեղեկացրեց, որ օրվա ընթացքում հակառակորդի գրոհները հատկապես ինտենսիվ են եղել այն ուղղություններով, որտեղ նախորդ օրերին ունեցել է որոշակի հաջողություններ։ Բայց, ըստ նրա՝ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն հակահարված են հասցրել հակառակորդին՝ ձախողելով նրա բոլոր առաջխաղացումները՝ բոլոր ուղղություններով։ Ա.Սարգսյանի տվյալով՝ ադրբեջանական կողմը 500-ից ավելի զոհ ունի։

Նույն օրը Արծրուն Հովհաննիսյանը ԶԼՄ-ներին փոխանցեց, որ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ: «Մոտավոր ունեն 1900 վիրավոր: Հայկական ստորաբաժանումները հակատանկային տարբեր միջոցներից, նաեւ ոչ հակատանկային միջոցներից խոցել են 137 տանկ եւ զրահատեխնիկա։ Ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ մեկ ինքնաթիռ: Մարտերը շարունակվում են, մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները, հակառակորդի բոլոր հարձակողական գրոհները հետ են մղվում՝ համապատասխան կորուստներ պատճառելով»,-ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը գրեց. «Եվ մինչ Ալիևան խոսում է «շեհիդների» մասին, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հրաժարվում են սպանվածների թիվ ներկայացնել՝ հնարավոր խուճապը կանխելու համար: Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր այսօրվա կոչում նշել է՝ «թող բարձյալը հնարավորություն տա ցանկացած ադրբեջանցու համբուրել Ղարաբաղի սուրբ հողը»: Բարձյալը հաստատ այլ ճանապարհ է նախատեսել Ադրբեջանի համար, իսկ այդ սուրբ հողում ապրող բնիկ, խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված ագրեսիային մեր տված պատասխանից Ադրբեջանը դեռ երկար ուշքի չի գալու»: Առանց մեկնաբանության։

Արցախ մեկնած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ գրեց. «Մեր քաջ զինվորները փայլուն ու արհեստավարժ կերպով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, հաջողությամբ հետ են մղում բոլոր հարձակումները, հուժկու հարվածներ հասցնում թշնամուն ու պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել Հայրենիքի նկատմամբ այս ոտնձգության մեջ, բայց ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն: Մեր պատասխանը շարունակելու է լինել կոշտ և վճռական: Մեր ազատության համար մղվող գոյամարտում Աստված մեզ հետ է, մեր գործն արդար է և ճշմարիտ, հետևաբար #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»: Եվ նորից՝ առանց մեկնաբանության։