Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան մի շարք երկրներում, դա կլիենտիզմն է (clientelism ): Այստեղ վերնախավը (հովանավորները կամ տերերը (patron))  հսկում է երկրի ռեսուրսները` գործատեղ, բիզնես անելու, կրթվելու եւ իբրեւ մասնագետ զարգանալու հնարավորությունները: Իսկ կլիենտները (clients)՝ նրանք, որոնք կախված են «տերերից», փոխանակում են, օրինակ, իրենց ձայնը կամ հավատարմությունը, հնազանդությունը` պետական աշխատատեղ, մասնավոր բիզնես, կարիերա ունենալու կամ պարզ ընտրակաշառքի եւ ապագայում Ոստիկանության կամ գործատեղում խնդիրներ չունենալու դիմաց»,- այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Janes Intelligence պաշտպանության եւ անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի եւ Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանը:

Ըստ Լիլիթ Գեւորգյանի՝ կլիենտիզմի պայմաններում արմատական փոփոխություններ առաջարկող կուսակցությունը պետք է ցույց տա, թե ինչ տնտեսական բարիքներ կարող է բերել հենց նույն պետական ապարատում աշխատողների կամ բիզնեսի համար:

Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:

Այսինքն` սա խոստում էր, որ այս համակարգը չի փոխվելու, եւ նրանք, ովքեր գտել են ձեւը համակարգում պաշտոն ունենալու կամ բիզնես վարելու՝ կունենան երաշխիք, որ սա չի փոխվի: Իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողների խնդիրը լուծվում է սպառնալիքով: Սպառնալիք, որ ունեցած գործատեղից կարող են զրկվել, սպառնալիք, որ փոփոխության դեպքում ավելի վատ ղեկավարներ կարող են գալ (սա հետխորհրդային երկրներում շատ տարածված պետական պրոպագանդայի տեսակներից է` թե իբր հին ղեկավարները կուշտ են, իսկ նորն անպայման կգողանա): Սպառնալիք, որ արմատական փոփոխությունները վատ կարող են ավարտվել, այսինքն` ռիսկի դիմելը վտանգավոր է:

Ընտրակաշառքը սառցաբուրգի միայն մի մասն է, որն այնքան էլ արդյունավետ չէ: Միայն ընտրակաշառքով հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ենթադրենք՝ որեւէ կաշառք չի ընդունվել, եւ մասնակիցների 80%-ը դեմ է քվեարկել ՀՀԿ-ին եւ վերջինիս դրածո կուսակցություններին: Քչերը Հայաստանում կհավատան, որ ներկայիս էլիտան պարզապես կընդունի արդյունքները եւ կհեռանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ