Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ամենաթողության խրախճանքը ներառել է նաեւ տաքսի ծառայությունների ոլորտը: Այստեղ կիրթ եւ իր մասնագիտության մեջ հմուտ վարորդ գտնելը նույնն է, ինչ իսկական ընդդիմադիր գործիչ գտնելը ներկա քաղաքական դաշտում:

«Սիգնալ չտա՛ս, տավար» կոչը իր տաքսի ծառայությունն իրականացնող 35 DG 431 պետհամարանիշի մեքենայի հետնապակուն է քարագրել վարորդը, որի ինքնությունը, հուսանք, շուտով կպարզի ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: Կպարզի եւ անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնի: Սակայն զարմանալին այն է, որ ողջ քաղաքը այս անհեթեթ կոչը տեսնում է, բայց ճանապարհային ոստիկանությունն այն անտեսում է: Այնինչ բավական է, որ որեւէ մեքենայի որեւէ վարորդ կամ ուղեւոր չամրացնեն ամրագոտիները, իսկույն կհայտնվեն ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում ինչը ժամանակին տեղի ունեցավ «Իրատեսի» խմբագրության վարորդի՝ Միշա Լեւոնյանի հետ: Առհասարակ, մեր ճանապարհային ոստիկանները բավականին մեծ լիազորություններով են օժտված, երթեւեկում են արտասահմանյան մակնիշի ծառայողական մեքենաներով եւ գերզգոն են ցանկացած մեծ կամ փոքր խախտում արձանագրելիս: Բայց այս դեպքում նրանք գերադասել են մատների արանքով նայել ակնհայտ հակահանրային արարքին:

Ըստ իս՝ անհրաժեշտ է նախ՝ վերացնել գրությունը, եւ երկրորդ՝ հոգեբույժի մոտ տանել եւ՛ վարորդին, եւ՛ տաքսի ծառայության ղեկավարին: Հակառակ պարագայում չի բացառվում, որ սույն վարորդը օրերից մի օր հայտնվի որեւէ իսկապես «տավարի» սմբակների տակ:
Հասկանալի է, որ մեր փողոցներում անհարկի ազդանշաններ են հնչում, ինչը կախված է ոմն վարորդի մասնագիտական հմտության պակասից եւ լկտիության ավելցուկից: Վերոնշյալ սուբյեկտը «տավար» է համարում, ըստ էության, իր շարժակազմի հետեւից ընթացող յուրաքանչյուրին, որը կհամարձակվի ազդանշանով խախտել իր անդորրը:

Ասել է՝ հիշյալ ոլորտը նաեւ բարեկրթման խնդիր ունի: Բարեկրթման, որը շատերի համար անհաս բարձունք է եւ պետք է հասանելի դառնա սանձահարող որոշումների միջոցով: Գաղտնիք չէ, որ տաքսի ծառայություն իրականացնողների մի ստվար մասը արհեստավարժ չէ եւ ղեկը տնօրինում է սոցիալական խնդիրներ լուծելու հասկանալի նպատակով: Այնուամենայնիվ, անհասկանալի է նման փողոցային վերաբերմունքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ