«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր` ապրիլի 21-ին, Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանը հավաքվածներին ծանոթացրեց կուսակցի` Մհեր Շայգելդյանի հետ` նշելով, որ նա առաջադրվել է թիվ 3 ընտրատարածքում եւ կոչ արեց զորակցել եւ աջակցել նրան:
Հավաքվածների կապույտ փուչիկներն օդ բաց թողնելուց հետո միայն Արթուր Բաղդասարյանն սկսեց իր ելույթը: Նա Նոր Նորքի բնակիչներին ներկայացրեց իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը ըստ ոլորտների եւ ճյուղերի: ՕԵԿ ղեկավարի խոսքով`կուտակված խնդիրները պահանջում են համարձակ լուծումներ: Նա անդրադարձավ կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, ուսանողների, երիտասարդ ընտանիքիների խնդիրներին: Օրինակ` ՕԵԿ-ը առաջարկում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ հատկացնել 400 հազար դրամ, խրախուսել բազմազավակ երիտասարդ ընտանիքներին, նպաստել փոքր եւ միջին բիզնեսի կայացմանը: Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին` Արթուր Բաղդասարյանը առաջարկում է խիստ վերահսկողություն սահմանել դեղերի ներկրման շուկայում, երկրում տարածված հիվանդությունների բուժումը դարձնել անվճար եւ այլն: Նրա խոսքով` իրենք չեն առաջարկում հեծաբնիվ հորինել, այլ առաջարկում են անել այնպիսի բաներ, որոնք անում են զարգացած երկրներում:
Արթուր Բաղդասարյանի ելույթից հետո հանդես եկավ նաեւ Քանաքեռ-Զեյթուն եւ Նոր Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից պատգամավորությւան թեկնածու առաջադրված Մհեր Շահգելդյանը: Նրա համար թեեւ «դժվար էր Աթրուր Բաղդասարյանի ելույթից հետո ելույթ ունենալ», բայց այնուհանդերձ բացատրեց, թե ինչի են մարդիկ վստահում ՕԵԿ-ին, ինչ է առաջարկում իրենց կուսակցությունը եւ այլն:
«Մասիվի խնդիրները լինելու են իմ խնդիրները, եւ ոչ միայն Մասիվինը, այլ Քանաքեռինը, Զեյթունինը»,- ասաց նա` շեշտելով, որ իրենք պայքարում են, որ հաղթի ոչ թե փողն ու ուժը, այլ խելքն ու արդարությունը:
Ի դեպ, այս անգամ Արթուր Բաղդասարյանին չէր ուղեկցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Քանի որ Արթուր Բաղդասարյանն անմիջապես հեռացավ, փորձեցինք ՕԵԿ անդամ Մհեր Շայգելդյանից ճշտել Բիշարյանի բացակայության պատճառը: Պատգամավորության թեկնածուն նշեց, որ քանի որ իրենց կուսակցության անդամներն առաջադրված են նաեւ մեծամասնական ընտրակարգով, ուստի շատ զբաղված են եւ բոլոր հանդիպումներին չէ, որ ներկա են լինում, օրինակ` այդ հանդիպումից հետո եւս Մհեր Շահգելդյանը շտապում էր հանդիպման:











