Մայիսի 4-ին Երևանում ընթանում է «Այո՝ ժողովրդավարությանը, ոչ՝ կեղծավորությանը» խորագրով բողոքի ակցիան։

Ակցիայի մասնակիցները երթ են կազմակերպել դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Ակցիան իրականացվում է ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների և Երևանում գտնվող քաղբանտարկյալների։

«Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում դեմոկրատիայի հետընթացին ու արդեն անթաքույց միահեծան բռնակալության հաստատմանը։ Հայաստանում մենք այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատում են, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորում են», - հավելել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ երթը նպատակ ունի եվրոպական հանրության ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության վրա։

«Արցախի ժողովուրդը ենթարկվել է ցեղասպանության և էթնիկ զտման, և քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել նրանց անվտանգ, հավաքական և անխոչընդոտ վերադարձը հայրենիք։ Մենք նաև Բաքվի բանտերում ունենք հայրենակիցներ, և պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն նրանց շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ», - ասել է խորհրդարանականը։