ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին Վարդենիսի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչը հետաքրքրվել է, թե տարածաշրջանի քանի բնակիչ է մեկնում Ռուսաստան աշխատելու։

«Շատերը»,- պատասխանել են վարդենիսցիները։ Քոչարյանը հիշեցրել է ՌԴ նախագահի նախօրեին տված ճեպազրույցը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի «քաղաքակիրթ ամուսնալուծության» հնարավորության մասին, և նշել, որ Միությունից հանրապետության հնարավոր դուրս գալը լրջագույն խնդիրներ կստեղծի բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապրուստը վաստակում են Ռուսաստանի Դաշնությունում։

«Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ իշխանությունները չեն հասկանում իրական աստիճանը, թե մեր ժողովրդի, մեր բնակչության քանի տոկոսն է ինչ-որ չափով կախված ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ մեր հայարաբերություններից։ Մոտ 70 տոկոսը տարբեր աստիճանի կախվածության մեջ է։ Այսօր դա դրվում է հարվածի տակ, թե ինչի համար՝ ես չեմ հասկանում», - նշել է Քոչարյանը

Նրա խոսքով՝ մամուլի ասուլիսը լրջագույն մտահոգության տեղիք է տալիս։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի ժամանակակից ու հզոր բանակի, հզոր դաշնակցի և ուժեղ առաջնորդի միջոցով։ Այս երեք բաղադրիչները հնարավորություն կտան ապահովել անվտանգությունը և զարգացնել տնտեսությունը։ Մարտահրավերները հնարավոր է հաղթահարել։ «Այս ամենը հաղթահարելու ճանապարհը հունիսի 7-ին և այն քվեաթերթիկը, որի վրա գրված է 17 («Հայաստան» դաշինքի համարը)», հիշեցրել է Քոչարյանը: