Դեպքի մասին իմացել ենք ապրիլին, դանակահարության դեպքից հետո։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վեդի խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության աղմկահարույց դեպքին։
«Իհարկե, շատ սարուրելի դեպք է տեղի ունեցել և, քանի որ այս ամեն ինչը շատ զգայուն թեմա էր, մենք փորձում էինք որևէ կերպ չանդրադառնալ, չարձագանքել, կարող է մեր խոսքը, մեր մեկնաբանությունը կամ մեր տարածած հաղորդագրությունը ինչ-որ ձևով մարդկանց նյարդերը բորբոքեր։ Իրավապահների դաշտում էր գործը դեռևս փետրվարից։ Համայնքապետարանն ունի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, և գործը չէր եկել մեր տիրույթ։ Ոստիկանությունը արդեն դեպքը ուսումնասիրել էր, փոխանցել էր քննչական մարմիններին, այդ ամեն ինչից մենք տեղեկացել ենք ապրիլին, և սպասում էինք, որպեսզի գործի քննությունը պատշաճ իր ընթացքով կատարվի։
Մեզ դեպքի մասին դպրոցից չի փոխանցվել, ոստիկանությունից չի փոխանցվել, մեզ Սոցիալական հարցերի նախարարությունից է գրություն ստացվել մարզպետարանի միջոցով, և մենք այդ դրվագով քննություն ենք արդեն իրականացրել մեր հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովով»,–ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, որ համայնքում բոլորը գիտեին, ինչպե՞ս է ստացվել, որ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը չի իմացել այդ մասին, և եթե ավելի շուտ իմանային, գուցե հնարավոր կլիներ քայլեր անել, որ երեխաների բռնությունը չշարունակվեր, Գարիկ Սարգսյանն կրկնեց, որ հարցն իրենց տիրույթում չի եղել. «Ինչպե՞ս եք մտածում, որ համայնքապետարանը միջամտի ոստիկանության կամ քննչական մարմինների գործերին։ Նույնը հակառակը, ինչպե՞ս կարող է ոստիկանությունը կամ քննչական մարմինները միջամտեն, օրինակ, ավագանու գործերին, համայնքի գործերին։
Համայնքապետը, ոչ կալանավորողն է, ոչ քննիչ ն է, ոչ դատախազն է, ոչ դատարանն է։ Երբեմն մեր հասարակությունում մի քիչ տարընկալումներ կա, թե որն է համայնքապետարանի տիրույթում, ինչ պետք է անի համայնքապետարանը և ի՞նչ պետք է անեն մյուս պետական կամ լիազոր մարմինները։ Միշտ չի, որ համայնքապետարանը ամեն ինչին խառնվում է կամ ամեն ոլորտում փորձում է իր միջամտությունը ունենալ։
Եթե մեկ այլ դեպքով, օրինակ, համայնքապետարանը միջամտեր ոստիկանության կամ քննչական մարմինների աշխատանքին, դուք հակառակ հարցը ինձ կտայիք, կասեիք՝ պարոն Սարգսյան, ինչի՞ եք միջամտում քննչական և իրավապահ մարմինների աշխատանքին»։
Ինչ վերաբերում է նրան, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի հետ կապված ինքը 18–ամյա աշակերտի մասին գրառում էր արել, որ Վերջին զանգը կդիմավորի ՔԿՀ–ում, իսկ այս դեպքում որևէ դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, համայնքի ղեկավարն ասաց. «18–ամյա մարդը չափահաս է և եթե ինչ-որ արարք է կատարում, պետք է պատասխան տա իր կատարած արարքի համար։ Ես ոչ մի լրատվական դաշտում կամ ընդիմադիր դաշտում չտեսա նրա արարքը դատապարտող գնահատական»։
Գարիկ Սարգսյանը նշեց, որ մանկապղծուէթյան դեպքով կալ;անավորված երեք անձանցից որևէ մեկին չի ճանաչում. «Եթե եղել է հովանավորչություն, թող իրավապահները պարզեն, թե ում կողմից է եղել, եթե այդպիսին եղել։ Եթե չի եղել, ինչու է գործը ձգվել կամ եթե գործը ձգվել է օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, որո՞նք են այդ օբյեկտիվ պայմանները»։
Գարիկ Սարգսյանի խոսքով, մինչև այս դեպքը համայնքապետարանի մարմինները այդ ընտանիքի հետ որևէ աշխատանք չեն իրականացրել. «Համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովը կոնկրետ փաստով է այցեր կատարում։ Եթե նախկինում չի ֆիքսվել նման խնդիր, նման փաստ և չի եկել մեր հանձնաժողովի տիրույթ, մենք ֆիզիկապես այդ հանձնաժողովում չենք կարող քննել, անդրադառնալ բոլոր նման խնդիր ունեցող ընտանիքներին»։
Հարցին՝ դուք որպես համայնքապետ ձեր թերացումը այդտեղ չեք տեսնում և ձեր մտքով չի անցել այս դեպքերից հետո հրաժարական տա՞լ, համայնքապետն ասաց. «Մեր թերացումը այդտեղ բացարձակ չկա, քանի որ երբ խնդիրը գալիս է մեր տիրույթ քննարկելու, մենք քննարկում ենք, ուսումնասիրում ենք և տալիս ենք համապատասխան եզրակացություն»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երեք անձ է կալանավորվել։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։











