Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրողներին վստահեցրել է, որ ինքնիշխան Հայաստանի որևէ տարածք չի հանձնվելու։

Վարչապետը հենց այս խոստումով է արձագանքել քաղաքացու հարցին, որը հնչել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Քաղաքացիներից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել է. «Արարատ Միրզոյանը ասում էր, որ մենք անկլավներ ունենք Հայաստանի տարածքում։ Ասե՛ք, խնդրեմ, կոնկրետ ո՞ր տարածքների մասին է նա խոսում։ Այս հարցը տալիս եմ, որ հասկանանք թե որ տարածքներից ենք զրկվելու՝ ձեզ քվեարկելով»։

«Հայաստանի ինքնիշխան որևէ տարածքի մասին խոսք լինել չի կարող։ Նայեք, մենք ինքներս էլ ունենք խնդիր. Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող դրանից հրաժարվել։ Այսինքն՝ մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել, որ Արծվաշեն չկա։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի… Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ կգտնենք, թե ինչ ենք անում», - հավաստիացրել է նրան Հայաստանի վարչապետը։

Ակցիայի մասնակիցը նշել է. «Ստացվում է, որ հիմա մենք օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, քանի որ Ադրբեջանի տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ»։

Ինչին Փաշինյանը հակադարձել է. «Լսեք, հիմա այդ տերմիններն այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթահարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում կլուծենք վերջին հետևանքները»։

Քաղաքացու այն դիտարկմանը, թե Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանը անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Փաշինյանը նշել է. «Չկա տենց բան, էդ մեր ընդդիմությունն է ասում տենց բան։ Մենք ասում ենք, որ ռազմավարական գործարքի էությունը հետևյալն է. երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգային ճանաչում ունեցող տարածքների վրա, և ժողովուրդները՝ Ղարաբաղի ժողովուրդը, տնավորվում է այստեղ, մեր մյուս փախստականները՝ եղբայրներն ու քույրերը, տեղավորվում են այստեղ, և մենք կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետություն։ Մենք դուրս ենք գալիս պանդուխտի և գաղթականի տրամաբանությունից և փակում նաև այդ էջերը։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին»։