Հայ ժողովուրդը 2021 թվականին գործող իշխանության վերարտադրման համար չափազանց բարձր գին է վճարել։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Արտաշատում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Հինգ տարի առաջ մենք հայտարարում էինք, որ մեր երկրին այսքան մահ, դժբախտություն, ողբերգություն բերած իշխանությունը եթե վերարտադրվի, շատ թանկ ենք վճարելու։ Ասում էինք՝ էն իշխանությունը, որը հանձնել է մեր հայրենիքը, իրավունք չունի վերարտադրվելու։ Դժբախտաբար, էդ իշխանությունը կարողացավ ձեզ նորից մոլորեցնել, խաբել և վերարտադրվել։ Եվ էս իշխանության վերարտադրության համար մենք շատ թանկ ենք վճարել և շատ թանկ ենք վճարում», - հայտարարել է նա։
Սաղաթելյանը հիշեցրել է, որ 2021 թվականին տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, որի հետևանքով զոհվեցին մի քանի հարյուր հայ երիտասարդներ, իսկ հայկական կողմի բոլոր ռազմավարական դիրքերը հանձնվեցին Ադրբեջանին։ 2023 թվականին, Արցախի երկարատև շրջափակումից հետո, տեղի ունեցան էթնիկ զտումներ, հայաթափում, ընդ որում միայն գաղթի ճանապարհին մահացել է շուրջ 60 հայ քաղաքացի։
2024 թվականին առանց որևէ կրակոցի իշխանությունները կամավոր Ադրբեջանին հանձնեցին Տավուշի բոլոր ռազմավարական դիրքերը։
«Հիմա էս չարիքի իշխանությունը կրկին եկել և ձեզ է դիմում, ձեր քվեն է ուզում, որպեսզի վերարտադրվի և Ալիևի առջև կատարի իր պարտականությունները։ Մենք կարո՞ղ ենք սրան թույլ տալ, որ երկիրը շարունակի կործանել։ Սա, որ առավոտից իրիկուն ասում է՝ տեր կանգնենք խաղաղությանը, իրականում ասում է՝ տեր կանգնենք պարտությանը, իրականում ասում է՝ տեր կանգնենք նվաստացմանը, ողբերգությանը, անարժանապատվությանը։ Մենք այս ամեն ինչը պետք է մերժենք ու մերժենք միասին», - նշել է նա։
Սաղաթելյանը հայտարարել է, որ «չի կարող 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ճակատագիրը տնօրինել մի հատ խեղկատակ, մի անգրագետ, տգետ ու անինքնասեր, սա անընդունելի է»։











