Իշխանությունները փորձում են առասպելներով խաբել երիտասարդությանը։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Դիմելով երիտասարդներին՝ պատգամավորն ընդգծել է, որ նրանք «Հայաստան» դաշինքի թիմից ոչ մի վատ բան չեն տեսել, փոխարենն ամեն օր օգտվում են դրա առաջնորդի՝ նախագահության տարիներին իրականացրած աշխատանքի պտուղներից՝ «Զվարթնոց» օդանավակայանի նոր շենքից մինչև Դավթաշենի կամուրջ։ Եվ նույնպես ամեն օր երիտասարդությունը տեսնում է իշխանությունների գործունեության բացասական արդյունքները՝ 3 պատերազմ, քաոս, ուսման վարձերի բարձրացում։

«Մի՛ թողեք, որ միֆերը հաղթեն իրականությանը, մերժե՛ք այս վատ իրականությունը, այս անընդունելի իրականությունը»,- կոչ է արել պատգամավորը։

Նա հերքել է իշխանությունների տարածած միֆերը. չեն լինելու ո՛չ ազատության սահմանափակումներ, ո՛չ վրեժխնդրություն, ո՛չ էլ վերադարձ անցյալին։

«Մենք մեր անցյալից ամաչելու բան չունենք, բայց հետ չենք գնալու։ Մենք գալիս ենք ստեղծելու նոր ապագա, նոր որակի պետություն։ Հենց իրենք են անցյալը և ամեն վատ բանի մարմնավորումը»,- եզրափակել է Վարդանյանը։