Նախկին իշխանություններն ասում են, թե իրենք օրակարգ են բերել Լաչինի միջանցքի հարցը. Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար, և ես եմ կանգնեցրել այդ թեման։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27–ին, Կոտայքի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է, իրենք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել, իշխանափոխություն են արել, հեղաշրջում են արել։ Այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը, դրանք Մեղրին տվողների խումբն է, և իրենք պետք է դատվեն և տասնամյակով բանտ նստեն։ Տվեք ինձ մանդատը, ես ասում եմ՝ բոլորը գծերը անցել են, Կալուգացի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, բելառուսացի էն մեկը, պետք է նստեն բանտ, պետք է տասնամյակ անցկացնեն բանտում, և ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար։
Ես ձեզ ասում եմ՝ նրանք Մեղրին տվողներն են, ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Մեղրին, Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է։ Սրա մասին են այս ընտրությունները։ Ես ուրախ եմ, որ նրանք այս ամեն ինչը ասելու առիթ են տալիս, հակառակ դեպքում ես չէի ասելու։ Մարտի 1–ի ոճրագործ Քոչարյանը, Մեղրին տվող Քոչարյանը պիտի նստի բանտում։
Ես գիտեմ, որ մարդիկ ասում են՝ մինչև հիմա նստած չի։ Նստած չի, որովհետև ես շատ զգույշ եմ գործել, որովհետև իմացել եմ, որ դրանք 15 երկրի շպիոն են։ Ես կռվել եմ հանուն Հայաստանի անկախության մի քանի ճակատով, և ես ամեն ինչ արել եմ, որ գոնե ճակատները չավելացնեմ, բայց հիմա ամեն ինչ հասել է լրումին, լրտեսները պետք է նստեն բանտում»,–ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում











