Քվեարկել եմ հանուն Հայաստանի, որը բարեկեցությունը դիտարկում է որպես առաջնահերթ արժեք, լրագրողների հետ զրույցում նշել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Հանուն բարգավաճ Հայաստանի, որը բարեկեցությունը դիտարկում է որպես առաջնահերթ արժեք, իրավունքը՝ որպես մշտապես գերակայող արժեք, մարդասիրությունը՝ որպես անբեկանելի արժեք, և որը փոփոխություններ է բերում ու իսկապես ուժեղ Հայաստան է», - նշել է պատգամավորի թեկնածուն։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

«Հայաստանի ապագան պատկերացնում եմ որպես ֆանտաստիկ երկրի ապագա, քանի որ ինչպես մեր հասարակությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը դրանից ավելիին են արժանի», - ընդգծել է Արամ Վարդևանյանը։

Քաղաքական գործիչն առաջնահերթ հարց է համարում բարգավաճումը։

«Մեր հասարակությունն իսկապես արժանի է դրան», - նշել է պատգամավորի թեկնածուն։

«Խաղաղությունն իսկապես պետք է լինի ելակետը, ինչին մենք հավատում ենք։ Գիտեք, որ հայտարարությամբ ենք հանդես եկել և նույնիսկ երաշխավորում ենք, որ այն կլինի», - ընդգծել է նա։

Արամ Վարդևանյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի շարքային քաղաքացու կյանքը։

Ըստ նրա, Հայաստանի քաղաքացին պետք է պետության հոգատարությունը զգա ամեն օր՝ «գետնի վրա», այլ ոչ թե խոսքով։

Այդ հոգատարությունը, ըստ պատգամավորի թեկնածուի, պետք է իրականացվի կոնկրետ ծրագրերի միջոցով, որոնց ելակետը պետք է լինի բարգավաճման ապահովումը։

«Հայաստանի Հանրապետությունում չպետք է ունենանք ծայրահեղ աղքատության մեջ գտնվող հայրենակիցներ։ Նշված խնդիրը պետք է և կարող է լուծվել», - եզրափակել է Արամ Վարդևանյանը։