Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրություններին ներկայացել է բարձր տրամադրությամբ։ Այս մասին նա հայտնել է ԶԼՄ-ներին քվեարկությունից հետո։

Բարձր տրամադրության առիթն այն է, որ երկրում «հնարավոր է թափանցիկ ընտրությունների անցկացումը», նշել է Գալյանը՝ հավելելով, որ դա ժողովրդավարության լավագույն ձեռքբերումն է։ Նախարարը հիշեցրել է, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ է։

Ըստ նրա, այսօր ողջ գործընթացը 24 ժամ տեսախցիկների հսկողության տակ է, ուստի դժվար է պատկերացնել ավելի թափանցիկ ընտրություններ։ Դիտորդներն իրենց տեղերում են և գնահատական կտան, հավելել է Գալյանը։

Անդրադառնալով ընտրություններից մեկ օր առաջ իրականացվող խուզարկություններին ու ձերբակալություններին՝ նախարարը հայտարարել է, որ իրավապահները պետք է խստորեն արձագանքեն ընտրակաշառքի հետ կապված ենթադրյալ հանցագործությունների մասին ահազանգերին, իսկ սահմանադրական կարգն այդպիսով խախտող անձինք չպետք է մասնակցեն ընտրություններին։

Նա նաև հայտնել է, որ տնային կալանքի տակ գտնվող շուրջ 1000 անձանցից մոտ կեսը քվեարկությանը մասնակցելու ցանկություն է հայտնել և ուղեկցվել ընտրատեղամասեր։ Քվեարկություն է կազմակերպվել նաև քրեակատարողական հիմնարկներում։