Հայաստանի Հանրապետության քարտեզը քարոզչական նյութ չէ, Հայաստանի Հանրապետության քարտեզը ՀՀ քաղաքացին իրավունք ունի ցանկացած վայրում, ցանկացած օր, ցանկացած ժամի պատվով։ Այս մասին այսօր՝ հունիսի 7–ին, թիվ 9/18 ընտրական տեղամասում դիմելով «Հայաստան» դաշինքի վստահված անձ Էլիզա Առաքելյանին, ասաց հանձնաժողովի նախագահ Պատվական Մարգարյանը՝ անդրադառնալով նրան, որ հանձնաժողովի անդամներից մեկի շապիկին ամրացված էր ՔՊ–ի կողմից տարածվող Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշանը։

«Դուք այնքան սնանկ եք մտածում Հայաստանի Հանրապետության մասին, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը համարում եք ՔՊ-ի քարտեզ»,–ասաց նա։ Ինչին ի պատասխան հնչեց. «Ձեր քաղաքական ղեակավարն է այն դարձրել քարոզչական նյութ»։

Էլիզա Առաքելյանը լրագրողնների հետ զրույցում նշեց. «Ընտրողը ՔՊ-ի քարոզչական քարտեզով կանգնած էր դեռևս ընտրատեղամասի դիմացև մեր մյուս դիտորդը արձանագրեց, որ չի կարելի քարոզչական քարտեզով ներկա գտնվել ընտրատեղամասի կողքին։ Մենք դրա մասին ներկայացրեցինք հանձնաժողովի նախագահին, ով ևս հակաճառեց, հակադարձեց մեզ և ասաց, որ դա թույլատրելի է։ Ապա տվյալ տղամարդը ներս մտավ և շարունակեց իր ընտրելու պրոցեսը ընտրատեղամասի ներսում և իհարկե, բոլորը նրան ասացին, որ դա անթույլատրելի է։ Նա պնդեց, նա ասաց, որ լավ է անում, սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, ինքը հպարտ է, որ սուվերեն տարածք ունի այժմ։ Մի խոսքով, ամբողջությամբ ՔՊ կուսակցության քարոզ էր տեղի ունենում այս ընտրատարածքում։

Հանձնաժողովի նախագահը ևս մինչև վերջ պնդում էր, որ կարելի է, որ սա Հայաստանի քարտեզն է, և մի բան էլ մեզ էր մեղադրում, որ այն մենք համարում ենք այն քարոզչական նյութ։ Մինչդեռ բոլորին հայտնի է, որ հենց իրենց քաղաքական ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է այն դարձրել սեփական քարոզարշավի սիմվոլը»։

Իր հերթին հանձնաժողովի նախագահը մեզ հետ զրույցում ասաց. «Ընտրողը Հայաստանի քարտեզը կրծքին կրելով մտել է ընտրատեղամաս, վստահված անձանցից մեկը փորձել է խոչընդոտել նրա ընտրության՝ հորդորելով դուրս գալ, հանել իր կրծքանշանը, նոր մտնել ընտրատեղամաս։

Դրան հակադարձել է հանձնաժողովի անդամը, որը ունի այդ իրավունքը, նա չի խախտում ընտրական օրենսգրքի կետ և քարոզչություն չի իրականացնում, քանի որ Հայաստանի դրոշը, գերբը, քարտեզը չեն համարվում քարոզչական նյութ։ Այնուհետև վստահված անձը շարունակել է հանձնաժողովի անդամի հետ վիճել։ Ես, որպես հանձնաժողովի նախագահ, միջամտել եմ և հորդորել եմ, խորհուրդ եմ տվել վստահված անձին արձանագրել, եթե այդտեղ տեսնում է խախտում։ Ընտրողը մինչև վերջ իր ընտրությունը կատարել է իր ցանկությամբ, կրծքին կրելով քարտեզը և դուրս է եկել»։

Դիտարկմանը, որ այդ կրծքանշանը ասոցացվում է ՔՊ–ի հետ, քանի որ նրանք են այդ կրծքանշանները բաժանել քարոզարշավի ժամանակ, հանձնաժողովի նախագահը հակադարձեց. «Եթե կուսակցություններից մեկը քարոզարշավի ընթացքում, օրինակ, եռագույն դրոշ է բաժանել, դա մեզ պետք է թույլ տար, որ մենք ընտրողին, որի հագին կլիներ եռագույնով շապիկ, մենք իրեն պետք է թույլ չտա՞նք կատարելու իր պարտքը, իր ընտրությունը։ Իհարկե ոչ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։