Լիճք գյուղում տեղակայված թիվ 21/7 ընտրական տեղամասի հարևանությամբ ՔՊ–ականները ծեծի են ենթարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձ Լևոն Հոխիկյանին, որի դեմքին կապտուկներ, վնասվածքներ, արյան հետքեր կային։

Վերջինս NEWS.am–ի հետ զրույցում պատմեց միջադեպի մանրամասները. «Այնպես ստացվեց, որ նույն ընտրատեղամասում միաժամանակ ՔՊ–ի երեք վստահված անձինք  ներկա են գտնվել։ Ես պահանջեցի, որպեսզի այնտեղ ներկա գտնվեն ընդամենը երկու հոգի, քանի որ օրենքով դա է պահանջվում։ Դրա արդյունքում ներսում տեղի ունեցավ կոնֆլիկտ, ուժի կիրառում չի եղել, ֆիզիկական ճնշում այդ ժամանակ տեղի չի ունեցել։ Որոշ ժամանակ անց դուրս եմ եկել տեղամասից ու արդեն տեղամասից մոտ մի 200 մետր հեռավորության վրա տվյալ անձանց կողմից տեղի է ունեցել արդեն ֆիզիկական ճնշում։

Հիմնականում դեմքիս են հարվածել։ Ես իրենց ճանաչում եմ, մեր գյուղից են՝ Լիճքից։ Հարձակվողները երկուսն են եղել, երկուսի անունն էլ Սիրակ Սիրականյան է, հայրանուններն են տարբեր։ Այդ պահին ոստիկանությունը չի միջամտել, ոստիկանությունը չի եկել, հետո է արդեն ոստիկանությունը եկել, բայց առանձնապես միջամտություն տեղի չի ունեցել։ Հիմա պետք է ներկայանամ բաժին, հաղորդում տամ»,–ասաց նա՝ հավելելով, որ դեպքից հետո տեղամաս չի մտել չի կարող ասել, թե արդյոք իրեն ծեծի ենթարկողները տեղամասում են, թե ոչ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։