Խորհրդարանում ներկայացվածության թեմայով ընդդիմադիր դաշտում հենց հիմա ընթանում են քննարկումներ և դա շատ բնական է, որովհետև կարծում ենք, որ արդյունավետ տեսակետից այդ որոշումը պիտի լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում։ Այս մասին տեսաուղերձով ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում մեզ բազմաթիվ հարցեր եք տվել, մատնանշել եք նաև կոմունիկացիոն բացերի մասին, և ես այս տեսանյութով շատ պարզ, անկեղծ և ուղիղ ուզում եմ անդրադառնալ բոլոր այդ հարցերին, և նաև լրացնել կոմունիկացիոն բացը, եթե այդպիսին եղել է, որովհետև եթե դուք դա արձանագրում եք, ուրեմն դրա կարիքը զգացել եք, բայց նախքան այդ ամենը ես ուզում եմ իսկապես պարզ, մեծ, անկեղծ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրի մեզ տված վստահության քվեի համար, շուրջ 150 հազար մարդու որ տված է քվեն՝ մեզ համար իսկապես թանկ է և նաև դա է մեզ պարտավորեցնում հաշվետու լինել մեր յուրաքանչյուր արարքում»,- նշել է Վարդանյանը։

նրա խոսքով՝ վերջին ժամերին իրենք կենտրոնացած ենք եղել բացառապես վերահաշվարկը կազմակերպելու գործի վրա, որովհետև այն ուներ վերջնաժամկետ. «Մենք պետք է այդ վերջնաժամկետին հասցնեինք և հիմա դուք տեսնում եք, որ հարյուրավոր ընտրատեղամասերում տեղի է ունենում վերահաշվարկման գործընթաց։ Մեզ համար շատ կարևոր է պարզել վերջնական պատկերը և մասնավորապես իմանալ, թե ինչպիսին է պատկերը խորհրդարանում լինելու և որ ուժերն են հաղթահարել շեմը, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել է թե ոչ, և դրանով նաև որոշակի պարզություններ կմտցվի հետագա գործողություններում»։

Վարդանյանը խոսել է նաև Սահմանադրական դատարան դիմում ուղարկելու մասին. «Մեր իրավական թիմը արդեն պատրաստում է ծավալուն հիմնավոր դիմումը և մենք պատրաստվում ենք ընտրախախտումների ողջ ծավալը ցույց տալ այդ դիմումով, սա հաջորդ հանգրվանն է»։

«Ես շատ բաց և անկեղծ ուզում եմ խոսել նաև խորհրդարանում ներկայացվածության մասին, որովհետև ձեր ամենաշատ հարցերը հենց դրան են վերաբերում։ Պետք է ասել, որ այս թեմայով ընդդիմադիր դաշտում հենց հիմա ընթանում են քննարկումներ և դա շատ բնական է, որովհետև կարծում ենք, որ արդյունավետ տեսակետից այդ որոշումը պիտի լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում, որովհետև այլ կերպ ուղղակի արդյունավետ չի լինի և այստեղ անհրաժեշտ է անկեղծ և ռազմավարական խոսակցություն։ Հենց հիմա այդ քննարկումներն են ընթանում։ Սա որոշակի ժամանակ կտանի, այս հարցի պատասխանը ունենալը մեզնից իսկապես ժամանակ կպահանջի, ուզում եմ սա էլ դուք պարզ իմանաք, բայց կա մի ճշմարտություն. այդ որոշումը բացառապես բխելու է պայքարը շարունակելու տրամաբանությունից։ Մենք հասկանում ենք, որ այն, ինչ ասել ենք, եղել է բացարձակ ճշմարտություն, այն, ինչ ասել ենք, եղել է մեր հավատամքը, ու սա Հայաստանի համար պայքար է, ու այդ պայքարում ուղղակի պետք է հասկանալ, թե այս հանգրվանում մեզ ինչ գործիքակազմ է անհրաժեշտ և ինչ վտանգներ կան, որոնցից մենք պետք է խուսափենք։ Այս տրամաբանությամբ է կայացնելու ցանկացած որոշում, այստեղ ուզում եմ վստահ լինեք։

Այս ընթացքում մենք իհարկե հետևում ենք ձեր արձագանքերին, որոնք մեզ համար իսկապես չափազանց կարևոր են, կարդում ենք ձեր , տեսակետները, որոնք ասեմ, որ երկբևեռ են, տարբեր կարծիքներ և տեսակետներ կան։ Նաև զգում ենք պատասխանատվություն որոշում կայացնելու և այդ որոշումը նաև ձեզ ներկայացնելու։ Միայն մի բան կարող եմ ասել, որ ինչ որոշում էլ կայացվի, մենք հասկանում ենք, որ դա պետք է կոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, առաջինը մեր ընտրողների հետ և պետք է մանրամասն բացատրի և այդ որոշման պատճառները, և այդ որոշման նպատակները։ Այստեղ պետք է բաց, ուղիղ, անկեղծ կոմունիկացիա, որի անհրաժեշտությունը մենք լիովին գիտակցում ենք և հասկանում ենք, որ դրա կարիքը կա։

Այստեղ ուզում եմ ունենալ պարզապես այդ վստահությունը, որ այդ որոշումը կայացվելու է բացառապես, հաշվի առնելով, թե առաջիկա գործընթացներում մեզ ինչ է անհրաժեշտ և ինչ անհրաժեշտ չէ։ Այս հարթակները, ինչպես նախորդ բոլոր տարիներին բաց են ձեր բոլոր մտահոգությունների, ձեր բոլոր առաջարկների, ձեր անգամ քննադատության համար, ինչպես բաց են եղել, այնպես էլ շարունակում են բաց մնալ, այնպես որ, եթե որևէ դիտարկում ունեք, ուղղակի ազատ զգացեք ձեզ հարմար ֆորմատով դրանք բարձրաձայնել, դա մեզ համար շատ կարևոր է, մենք իշխող ուժից նաև դրանով ենք տարբերվում»։