Կառավարության ծրագրով Հայաստանի վարչապետի աշխատակազմի համար հաստատված 57 միջոցառումներից իրականացվել է 55-ը։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ծախսերը կազմել են 22,5 միլիարդ դրամ կամ նախատեսված ցուցանիշի 96%-ը, ինչը համապատասխանում է 2024 թվականի արդյունքին։ «Թերակատարումը կազմել է մոտ 4%։ Այսինքն՝ 2024 թվականի ցուցանիշը գերազանցվել է 906 միլիոն դրամով»,- մանրամասնել է աշխատակազմի ղեկավարը։
Նա նաև հայտնել է, որ հանրային իրազեկման համար բյուջեով նախատեսված ծախսերը կատարվել են 100%-ով և կազմել 728 միլիոն դրամ։ «2025 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսերը կազմել են 7,2 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 9%-ով»,- նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարական առանձնատների համար նախատեսված ծախսերը նույնպես կատարվել են 100%-ով։











