Հայ ժողովուրդը պետք է պատրաստվի լրջագույն խնդիրների, որովհետև տվյալ դեպքում երկիրը փորձում է մեկ ինտեգրված տնտեսական համակարգից անցնել մեկ այլ՝ անորոշ համակարգի, որը պատրաստ չէ քեզ ընդունել։ Այս մասին լրագրողների, այդ թվում՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Նույնիսկ Ուկրաինայի դեպքում՝ տեսեք, թե ինչպիսի սահմանափակումներ մտցրեցին, օրինակ, լեհերը։ Նրանք թույլ չեն տալիս, արգելում են ապրանքների ազատ տեղաշարժը»,- նշել է նա։

Քաղաքական գործիչն ընդգծել է. Հայաստանն այժմ անցնում է տուրբուլենտության լուրջ փուլ՝ մշտական լուրջ տնտեսական հարցեր, տնտեսական խնդիրներ։

«Եվ, ասենք այսպես՝ այս տուրբուլենտությունը շատ թանկ է նստելու նաև հայ ժողովրդի վրա։ Եվ ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի է դա մարսել։ Նա չափազանց փոքր է դա մարսելու համար։ Նա չունի ո՛չ նման գիտելիքներ, ո՛չ նման ռեսուրսներ, ո՛չ ազդեցություն։ Ընտրությունները նույնպես ցույց են տալիս, որ այդ ազդեցությունը, այդ ռեսուրսը դու այլևս չունես։ Դու բյուջեի միջոցներով մարդկանց կաշառք ես տվել։ Հետո այդ միջոցները կտրուկ կրճատվելու են, և դու չես կարողանալու պահել կաշառատվության այդ տեմպը։ Հետո նա խնդիրներ է ունենալու, դիմելու է Եվրամիությանը, ասելու է՝ «մի քիչ էլ փող տվեք»»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այս դեպքում կկրկնվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատմությունը, բայց տնտեսական պատերազմի տեսքով։

«Ահա թե ինչ բերեց նա հայ ժողովրդի գլխին։ Ահա թե ինչ է անում այդ մարդը։ Դա այնպիսի որակի մարդ է, որը պետք է լարվածություն, թշնամանք ստեղծի, ասես դա իր կյանքի միջավայրն է, իր թթվածինը, որով նա ապրում է։ Նա սա չի մարսի։ Նա չի մարսի նման կարգի տուրբուլենտությունը։ Եվ ընդդիմությունը, բնականաբար, այս ամենի ֆոնին իր հարցը լուծելու շատ մեծ հնարավորություն կստանա։ Իրավիճակը կտրուկ փոխվում է»,- նշել է քաղաքական գործիչը։

Խոսելով այն հետևանքների մասին, որոնք կապված են այնպիսի միություններին, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը, Հայաստանի իշխանությունների դիրքորոշման հետ, Քոչարյանն ընդգծել է, որ դա արդեն կախված չէ Հայաստանի վարչապետից։

«Դա արդեն մեծապես կախված է, օրինակ, Ռուսաստանի համբերությունից։ Երևում է, որ նրանք արդեն համբերություն չունեն, որովհետև ակնհայտորեն տեսնում են, որ այն ամենը, ինչ նա անում էր մինչ այդ, պարզապես սուտ է, խաբեություն, ժամանակի ձգձգում, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Արդեն իրենից կախված չէ, նա այս առումով չափազանց փոքր է, որպեսզի կարողանա դիմակայել այս մեծ տուրբուլենտությանը… Եթե հիշում եք, ես ասում էի, որ հմուտ կապիտանը փոթորկի ժամանակ նավը բաց ծով դուրս չի բերում, չի տանում օվկիանոսի կենտրոն, այլ փորձում է ավելի հանգիստ տեղ գտնել և սպասել՝ հարվածի տակ չդնելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը։ Նա արեց ուղիղ հակառակը, պարզապես արեց ուղիղ հակառակը։ Եվ տվյալ դեպքում ի՞նչ է անելու։ Շարունակելու է նույնը։ Հենց որ Ռուսաստանում սկսեն, իսկ նրանք արդեն սկսել են, իրագործել այդ կարգախոսը… Ի՞նչ են նրանք ասում։ Նրանք ասում են՝ մենք չենք ֆինանսավորելու ձեր ճանապարհը դեպի Եվրոպական միություն։ Դա չի բխում մեր պետական շահերից։ Դու գնում ես թշնամիների ճամբար, ուրեմն ինչո՞ւ պետք է մենք ֆինանսավորենք քո ճանապարհը դեպի այնտեղ»,- նշել է Հայաստանի վարչապետի թեկնածուն։

Այժմ, նրա խոսքով, կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է փոխի այդ ճանապարհը, փոխի կուրսը, կոպիտ ասած՝ ասի. «Ես սխալվել եմ, հիմա հետ եմ շրջվում դեպի այստեղ»։

«Այդ դեպքում եվրոպացիներն անմիջապես կհիշեն՝ ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի հետ, կսկսեն հիշեցնել՝ դու սա սխալ ես արել, դու լեգիտիմ չես, դու այսպիսին ես, այնպիսին ես։ Կա՛մ նա կփորձի շարունակել այս խաղը հետագայում։ Խաղը շարունակելու ռեսուրսը սպառված է։ Այն լյուֆտը, որի շնորհիվ նա կարող էր խաղալ բոլոր բևեռների հետ, ըստ էության, ավարտվեց։ Խնդիրը հենց դրանում է։ Հիմա նա, ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։ Չէ՞ որ կա նման արտահայտություն։ Ահա հենց այսպիսի դրության մեջ է նա ինքն իրեն գցել։ Եվ ոչ միայն իրեն։ Եթե նա այս դրության մեջ գցեր միայն իրեն՝ Աստված իր հետ։ Բայց նա այս թակարդն է գցել երկիրը։ Իսկ երկիրը դրանից ոչինչ չի ստանալու, ոչինչ չի շահելու»,- ասել է նա։

Քաղաքական գործչի խոսքով՝ ցանկացած երկիր, որը փորձել է ներքաշվել նմանատիպ հարաբերությունների մեջ, միշտ տանուլ է տվել։

«Եվս մեկ անգամ կրկնեմ մի արտահայտություն. երբ կառավարությունը խաղում է կրակի հետ, այրվում է ժողովուրդը։ Մենք հենց դա էլ ասում էինք։ Եվ դուք, հավանաբար, նկատել եք, որ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք, օրինակ ես, միշտ փորձել եմ ընդգծել հենց դա։ Մենք լիովին հանգիստ կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, փող աշխատել Ռուսաստանի հետ հարաբերություններից, այդ փողը ծախսել Եվրոպայում, Դուբայում, որտեղ հարմար է։ Ինչո՞ւ ես քանդում հաջողությամբ գործող սխեման միայն հանուն այն բանի, որ պահպանես քո աթոռը։ Եթե դու գոնե մի փոքր մտածեիր Հայաստանի մասին, դու կա՛մ պետք է փոխեիր քաղաքականությունը, կա՛մ պարզապես դառնայիր ընդդիմություն և ավարտեիր դրանով»,- ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանի վարչապետը պետք է փոխի քաղաքականությունը, բայց նա դա չի անի։

«Բայց ես չեմ կարծում, որ նա այն կփոխի, որովհետև իր տերերը նրան այլ բան են թելադրում, այնպես էլ ինքն է դա ուզում։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ նրան միայն թելադրում են։ Նա մտել է այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ այդ հարաբերությունների տերը ինքը չէ։ Այդ հարաբերությունների տերը լիովին այլ տեղում է։ Եվ Եվրոպա էլ նա մեզ չի տանում։ Գոնե Եվրոպա տաներ։ Նա մեզ տանում է Թուրքիա։ Ակնհայտ է, որ նա մեզ տանում է Թուրքիա։ Էրդողանը նրան շնորհավորում է»,- նշել է նա։

Խոսելով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին Բաքվի արձագանքի մասին՝ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Ադրբեջանում՝ նրանց լրատվամիջոցներում, ակնհայտորեն մեծ ուրախություն է տիրում։

«Նրանք դեռ հույս ունեն, որ անկլավներ կստանան։ Նրանք հույս ունեն, որ Սահմանադրությունը կփոխվի։ Եվ այս ամենը շարունակվելու է»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի իշխող ուժի մոտ սահմանադրական մեծամասնության բացակայությունը չի՞ խառնի Թուրքիայի և Ադրբեջանի խաղաքարտերը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ նրանք կարող են դեռ սպասել։

«Նրանց ներկայիս դրությունն ամենևին այնպիսին չէ, որ նրանք ստիպված լինեն ինչ-որ տեղ շտապել և այլն։ Նրանք կասեն. «Դա էլ դու պետք է անես։ Գնա ու արա ինչպես ուզում ես»։ Սա տիրոջ և ծառայի հարաբերություն է, այլ ոչ թե իրավահավասար գործընկերների հարաբերություն։ Ալիևը կասի. «Գնա, ինչպես ուզում ես, այնպես էլ արա։ Դա իմ խնդիրը չէ։ Գնա փոխիր քո սահմանադրությունը»։ Իսկ նա ստիպված կլինի հարձակվել ընդդիմության վրա, կփորձի, պետք է փորձի, այսպես ասած, կատարել նաև այդ պարտավորությունը նրանց առջև՝ շարունակելով ճնշումները։ Եվրոպացիներին նա կասի. «Դե ինչ անեմ, ստիպված եմ ճնշել»։ Նրանք աչք կփակեն այդ ճնշումների վրա։ Կգործեն ըստ հետևյալ սկզբունքի՝ «նա շան որդի է, բայց մեր շան որդին է»։ Հենց այսպիսի մոդելով էլ ամեն ինչ տեղի կունենա։ Այդպես է կառուցված աշխարհը։ Աշխարհը դաժան է։ Աշխարհի մասին այս բոլոր ռոմանտիկ պատկերացումները պարզապես սխալ պատկերացումներ են։ Չէր կարելի իրավիճակը հասցնել նման դրության։ Եվ չէր կարելի սեփական երկիրը ներքաշել նման հարաբերությունների մեջ»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։