Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղերձներից մեկն այն էր, որ կողմերը պետք է գնան բանակցությունների ճանապարհով։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հունիսի 19-ին հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեջբերելով Իլհամ Ալիևի վերջին աղմկահարույց հայտարարությունից մի հատված։

Երկրորդ ուղերձը, նրա խոսքով, այն էր, որ բանակցություններից բացի այլ լուծում գոյություն չունի։ «Երրորդը, որ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել։ Չորրորդը, որ եթե նա (Ադրբեջանը- խմբ.) սկսի պատերազմ, նրա դեմ կկիրառվեն պատժամիջոցներ»,- շարունակել է պատգամավորը։

Նա նշել է, որ դրանից երևում է, թե ինչ տրամաբանությամբ են վարվել բանակցությունները։ «Ինչպե՞ս ստացվեց, որ բանակցային գործընթացը տապալվեց և այնքան շեղվեց իր ուղուց, որ Հայաստանը մենակ մնաց իր դեմ սանձազերծված պատերազմում։ Ավելին, հետո գործող իշխանությունը հպարտությամբ հայտարարեց, թե՝ մենք մենակ մնացինք, մեզ ոչ ոք չօգնեց։ Այս ամենի մասին դատեք բանակցությունները վարողների բանակցային հմտություններով»,- ասել է Վարդանյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, թե «Արևմտյան Ադրբեջանի» թեման փակվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո, սակայն դրանից հետո Ադրբեջանում այս թեմայով սկսել են խոսել ավելի հաճախ, քան երբևէ։