«Արարատցեմենտ» գործարանը մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող օբյեկտ է, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դրա աշխատանքը չխաթարվի։ Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Նա վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի իրավական գործընթացները չխանգարեն արտադրությանը։ Նրա գնահատմամբ՝ կհաջողվի ստեղծել այնպիսի իրավիճակ, որ իրավական գործընթացները որևէ ազդեցություն չունենան արտադրական գործընթացի շարունակականության վրա։

«Այն ամենը, ինչ ասում է վարչապետը, ճիշտ է ասում»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ եթե լինեն մարդիկ, որոնք պատվերով բողոքի ակցիա են իրականացնում, ապա նրանք կհեռանան աշխատանքից։ «Բայց մենք այստեղ դրա համար չենք եկել։ Երեկվանից մենք քննարկումներ էինք անցկացնում գործարանի տնօրենի հետ։ Ես անձամբ քննարկումներ եմ անցկացրել նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արտադրական գործունեությունը շարունակվի»,- ընդգծել է Զաքարյանը։

Պաշտոնյան նշել է, որ գործարանը հաճախ կանգ է առնում նաև վերանորոգման նպատակով, ուստի, նրա գնահատմամբ, վտանգավոր ոչինչ տեղի չի ունեցել։ «Գործարանը կանգնել է ընդամենը մեկ-երկու օրով։ Երեկվանից մենք աշխատում ենք։ Կարծում եմ՝ կգտնենք այնպիսի լուծում, որի պայմաններում ձեռնարկությունը կաշխատի»,- եզրափակել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակում իրավապահները կնքել էին գործարանը։ Հուլիսի 9-ին գործարանի աշխատակիցները առավոտից հավաքվել էին ձեռնարկության մոտ և պահանջում էին հանել կնիքները ու թույլ տալ իրենց աշխատել։ Ավելի ուշ գործարանի աշխատակիցները բացել էին գործարանի դարպասները և մտել ներս՝ աշխատանքը շարունակելու համար։