Հիմա հնչեցվում է, որ դատավորների կեսը շառակեր է, որովհետև որոշումները կայացվում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է արդարադատությունը, ԲԴԽ-ն հայտարարություն չի անում, որ դա անթույլատրելի խոսույթ է, դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր, մի քանի հարյուր դատավորից, հայտարարություն չի անում, այս պայմաններում ես ի՞նչ պետք է մտածեմ դատական համակարգի մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սա քաղաքական հայտարարություն չէ, սա կոնկրետ մեղադրանք է։ Ու ես պիտի վստահեմ ու այս դատարանում արդարադատություն խնդրե՞մ, երբ նույն մարդը զուգահեռ ասում է՝ ինքը պիտի նստի։ Հիմա ես սա չեմ կարող չկապել այս պրոցեսի հետ։ Սա ոչ թե իմ նախաձեռնությունն է, ես փորձում եմ այդ հետևանքները գնահատել և սա իմ իրավունքն է»,–ասաց նա։
Դատավոր Սարգիս Պետրոսյանն արձագանքեց. ««Ես լսել եմ այդ հայտարարությունները, բայց այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արդարադատության իրականացման վրա որևէ ազդեցություն չունի և չի կարող ունենալ։ Եթե պայմանականորեն լինի մեկ օր, որ ես կաշկանդվածություն ունենամ որևէ հայտարարությունից, ես ինքս կհայտարարեմ այդ մասին և ինքնաբացարկ կհայտարարեմ։ Այս քրեական գործը իմ վարույթում իմ աշխատասենյակում գտնվող մյուս քրեական գործերից տարբերվում է իր հերթական համարով միայն, որը սակայն ունի որոշակի հանրային հնչեղություն»։
Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց. «Այդ հայտարարությունը ձեզ չի վիրավորո՞ւմ որպես պրոֆեսիոնալ դատավոր, դատական համայնքի ներկայացուցիչ, երբ անհիմն ասվում է, որ դատավորների կեսը կաշառակեր է։ Սա ոչ միայն իմ անմեղության կանխավարկածնի խախտում է, այլև ձեր դատավորների ազնվության կանխավարկածի խախտում է։ Անկեղծ ասեք, ձեզ դո՞ւր է գալիս դա։
Առաջ եթե SMS–ով էին բան ուղարկում, հիմա հրապարակային խոսում է, ասում է՝ այսպես պիտի անեք, ես ինչ ասել եմ՝ սա պիտի անեք։
Ինձ ասում է՝ դու պիտի նստես, հետո ասում է։ Սա վերաբերում է ինձ և ձեզ։ Ձեր անունը չի տվել, բայց վերաբերում է ձեզ, որովհետեւ ես ուրիշ դատական գործում չկամ»,– ասաց երկրորդ նախագահը։
Նա հայտարարեց, որ մեղադրական եզրակացության մեջ առերևույթ ստեր են գրված. «Եթե այնտեղ գրած լիներ, որ Լուսնի վրա կյանք կա, դուք ընդունեի՞ք, դուք չէիք ասի՝ տարեք, խելքի բերեք։ Եթե չեիք կարող, ուրեմն պետք է կարճեիք այդ գործը։
Կոնկրետ ինձ ասում են՝ անձնական շահադիտական պահ կա, ասում են՝ սա արվել է Սերժ Սարգսյանի համար։ Եզրակացության մեջ չի էլ գրած, թե ո՞վ է Սերժ Սարգսյանը։ Այնպես են գրել, ոնց որ Սերժ Սարգսյանը իմ հարևանն է, ես էլ իմ հարևանին բերել, սարքել եմ նախագահ։
Ես չեմ հավատում, որ որևէ մեկը ի վիճակ է իսկապես արդարադատություն իրականացնել Հայաստանում։ Իմ գործով մի դատավորի ազատեցրին, մյոիսն էլ ազատեցին, 6 տարի պայքարեց, վերջը վերականգնվեց։ Հիմա ես ի՞նչ պիտի մտածեմ»։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների դեմ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՍԴ որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել։ Սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և շարունակում է Քոչարյանին և մյուսներին «մեղադրյալ» և «ամբաստանյալներ» համարել։











