Այսուհետ, ցանկության դեպքում, բանկերի հաճախորդները կարող են ակտիվացնել պաշտպանության ընդլայնված ռեժիմ՝ «կասեցնել բոլոր կամ որոշ բանկային ծառայությունները»։ Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

Նա հավելել է, որ եթե բանկի հաճախորդը մոտ ապագայում չի պլանավորում օգտվել բանկային որևէ ծառայությունից, ապա նա կարող է ակտիվացնել այս պաշտպանությունը․ այդ դեպքում խարդախները, որոնք հասանելիություն են ստացել հաճախորդի հեռախոսին կամ բանկային հավելվածին, չեն կարողանա գումար կանխիկացնել կամ փոխանցել։

Մկրտչյանը պարզաբանել է, որ բանկերի բջջային հավելվածներում հայտնվել է նոր գործառույթ, որն աշխատում է հետևյալ սկզբունքով․ եթե հաճախորդը նախապես արգելել է այս կամ այն ծառայությունը, ապա նույնիսկ հեռախոսին կամ բանկային հավելվածին տիրացած խարդախները չեն կարողանա գումար հանել կամ այլ գործարքներ կատարել, այդ թվում՝ վարկերի, ավանդների, դրամական փոխանցումների հետ կապված գործառնություններ և այլն։

Նա նշել է, որ Հայաստանի բոլոր բանկերն ու հեռավար ծառայություններ մատուցող մյուս ֆինանսական կազմակերպությունները պարտավոր կլինեն նման ծառայություններ տրամադրել։

Առցանց ռեժիմով գործարքների հայտերի մշակումը վերսկսելու համար անհրաժեշտ կլինի բանկում անցնել անձի նույնականացման ընթացակարգ։