Գործարար, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից ի վեր կապարակնքված են կոմիտեի մարզաբազա հանդիսացող «Օլիմպավան» կենտրոնի դռները: Օլիմպավանի սաներն այսօր ստիպված են եղել դրսում անցկացրել մարզումները:
«Այսօր այս երեխաներին մարզումներ են պետք, նրանք մրցաշարերին են պատրաստվում։ Փորձում ենք երեխաների էներգիան պահպանել, բարձրացնենք ոգին, մրցումների պետք է մասնակցեն, այլ տարբերակ չկա։ 107 հոգի են, որոնցից 20–ն է, օրինակ, կարողանում գալ Լենինգրադյանում գտնվող դահլիճ, մյուսները չեն կարողանում»,–լրագրողի հետ զրույցում ասաց մարզիչը՝ նշելով, որ թեև իրեն այլ դահլիճներ են առաջարկել մարզումներն իրականացնելու համար, սակայն դրանք փոքր են և տեղանքի առումով հարմար չեն մարզիկների համար։
Մարզիչը նշեց՝ վստահ է, տեղի ունեցող գործընթացները երկարատև են, հետևաբար մրցումներից հետո մարզիկներն արձակուրդ կգնան։











