Ենթադրենք՝ կառուցապատողն ավարտել է շենքի շինարարությունն ու ինքն է պատրաստվում վաճառել անշարժ գույքը։ Այս դեպքում մենք մշակել ենք տիպային օրինակելի պայմանագիր, որի կնքման ժամանակ նոտարական վավերացումն այլևս պարտադիր պահանջ չի լինի։ Հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

«Սա բացառապես հնարավորության և իրավունքի հարց է, ուստի նոտարական վավերացմամբ կնքված գործարքները շարունակում են պահպանել օրենսդրությամբ նախատեսված իրավական կարգավորումն ու իրավաբանական ուժը», — պարզաբանել է Ղազարյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է պաշտոնյան, եթե քաղաքացիներն ու գործարքի մյուս կողմերը (բանկը, վարկային կազմակերպությունները, կառուցապատողը) ցանկանան գործարքն իրականացնել առանց նոտարական վավերացման, ապա կկարողանան մուտք գործել էլեկտրոնային համակարգ, ստորագրել պայմանագիրն ու էլեկտրոնային եղանակով պետական գրանցման հայտ ներկայացնել Կադաստրի կոմիտե։

Խոսելով խառը հիպոթեքային պայմանագրերի մասին՝ նա, մասնավորապես, նշեց․ «Խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք մեկ գործարքում միավորում են երկու կամ երեք տարբեր գործարքների տարրեր։ Քանի որ այս դեպքում պարտադիր է հիպոթեքային վարկ տրամադրելու իրավունք ունեցող բանկի կամ վարկային կազմակերպության մասնակցությունը, այստեղ առկա են երկու գործարքի տարրեր․ առաջինը առուվաճառքի կամ առքի իրավունքի ձեռքբերման պայմանագիրն է, երկրորդը՝ գրավի կամ հիպոթեքի պայմանագիրը։ Քանի որ դրանք միավորված են մեկ փաստաթղթում, այն պետք է ստորագրեն նչ միայն երկու կողմերը՝ վաճառողն ու գնորդը, այլև պարտադիր կարգով՝ բանկի կամ վարկային կազմակերպության լիազորված ներկայացուցիչը»։