Արգենտինայի դատարանը որոշել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հափշտակված 18-րդ դարի նկարը վերադարձնել նիդեռլանդացի հրեա արվեստի դիլեր Ժակ Գուդստիկկերի ժառանգուհուն, հայտնում է The Guardian-ը։

Խոսքը բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարիչ Ջուզեպպե Գիսլանդիի «Տիկնոջ դիմանկարը» ստեղծագործության մասին է։ Նկարը կորել էր մոտ 80 տարի առաջ և պատահաբար հայտնաբերվել է 2025 թվականին Արգենտինայի առողջարանային Մար-դել-Պլատա քաղաքում բարձրաստիճան նացիստ պաշտոնյա Ֆրիդրիխ Կադգիենի դստեր տանը։

Դիմանկարը նկատել էին վաճառքի հանված տան լուսանկարում։ Լուսանկարը գրավել էր հոլանդական AD թերթի ուշադրությունը, որը մի քանի տարի հետաքննում էր Գուդստիկկերի հավաքածուի այն արվեստի գործերի ճակատագիրը, որոնք պատերազմից հետո չէին վերադարձվել։

Կադգիենը նացիստական ռեժիմի ժամանակ եղել է ֆինանսական պաշտոնյա և աշխատել է ռայխսմարշալ Հերման Գերինգի հետ։ Պատերազմից հետո նա փախել է Հարավային Ամերիկա և ի վերջո հաստատվել Արգենտինայում։

Դատավոր Սանտյագո Ինչաուստին հայտարարել է, որ նկարը կհանձնվի Մարեյա ֆոն Զախերին՝ Գուդստիկկերի հարսին և նրա միակ ժառանգուհուն։ Կադգիենի դուստրը՝ Պատրիսիա Կադգիենը, և նրա ամուսինը նույնպես համաձայնել են տեղական հիվանդանոցներին վճարել մոտ 3,2 հազար դոլար։

«Տիկնոջ դիմանկարը» Գուդստիկկերի հավաքածուի մի մասն էր, որը ներառում էր ավելի քան 1 հազար ստեղծագործություն։ 1940 թվականին Գերմանիայի՝ Նիդեռլանդներ ներխուժումից հետո հավաքածուն թալանվել է, և նկարների զգալի մասը բաժին է հասել բարձրաստիճան նացիստ պաշտոնյաներին։

Պատերազմից հետո Նիդեռլանդները Գուդստիկկերի ժառանգներին վերադարձրել են մոտ 300 ստեղծագործություն, սակայն շատ ուրիշներ մինչև օրս շարունակում են մնալ աշխարհի տարբեր երկրներում։