Բանգլադեշում շաբաթ օրը ընդդիմության հազարավոր կողմնակիցներ Դաքքայից դեպի նավահանգստային Չիտտագոնգ քաղաք լայնածավալ երթի են դուրս եկել՝ բողոքելով գազի, էլեկտրաէներգիայի և պարարտանյութերի սուր պակասի դեմ, հայտնում է AFP-ն։
Սա դարձել է վարչապետ Տարիկ Ռահմանի կառավարության դեմ առաջին խոշոր փողոցային ակցիան, որն իշխանության է եկել մոտ վեց ամիս առաջ։
Մասնակիցները պաստառներով և կարգախոսներով հավաքվել էին Դաքքայում, ապա ճանապարհ ընկել։ Երթուղու ընթացքում նախատեսված են հանրահավաքներ։ Ընդդիմության առաջնորդ Շաֆիկուր Ռահմանը հայտարարել է, որ ակցիան ուղղված է տները գազով և էլեկտրաէներգիայով ապահովելուն։
«Այս շարժումը նպատակ ունի գազ ապահովել խոհանոցներին և էլեկտրաէներգիա տալ յուրաքանչյուր տանը», — ասել է նա։
Երթը կազմակերպել է «Ջամաաթ-ի-Իսլամի» կուսակցության գլխավորած 11 ընդդիմադիր կուսակցություններից կազմված դաշինքը։ Նրա պահանջների թվում են՝ էներգետիկ ճգնաժամի լուծումը, հիմնական ապրանքների գների իջեցումը, անվտանգության իրավիճակի բարելավումը և վերջերս անցկացված հանրաքվեի որոշումների իրականացումը։ Միաժամանակ կազմակերպիչները շեշտում են, որ իրենց նպատակը կառավարության տապալումը չէ։
Ընդդիմությունը նաև մեղադրում է իշխանություններին գազի, էլեկտրաէներգիայի և պարարտանյութերի մատակարարման խափանումները հաղթահարելու անկարողության մեջ։ Ազգային քաղաքացիական կուսակցության ներկայացուցիչ Ախտեր Հոսսենն ասել է. «Դուք չկարողացաք ապահովել գազ, էլեկտրաէներգիա և պարարտանյութեր և նույնիսկ մարդկանց թույլ չեք տալիս արտահայտվել»։
Ակցիան սկսվել է քոլեջի ուսանողի ձերբակալության հաջորդ օրը, որն, ըստ իշխանությունների տվյալների, վիրավորել էր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ դժգոհություն հայտնելով էլեկտրաէներգիայի բարձր վճարներից։ Քննադատները ձերբակալությունը որակել են որպես իշխանությունների կողմից քննադատության նկատմամբ աճող անհանդուրժողականության նշան։
Կառավարությունը գազի և էլեկտրաէներգիայի պակասը կապում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի հետևանքների, ինչպես նաև նախորդ իշխանությունների սխալ հաշվարկների հետ։ Վարչապետի ներկայացուցիչ Ռուհուլ Կաբիր Ռիզվին ընդդիմությանը կոչ է արել փողոցային բողոքների փոխարեն ներկայացնել էներգետիկ ճգնաժամի լուծման սեփական ծրագիրը։





























