Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է հանրային լայն արձագանք ստացած՝ Հովհաննավանքում կատարված զազրելի իրողությունը:

Թեմի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Վանական համալիրի տարածքն օգտագործել, որպես խնջույքի կազմակերպման վայր սրբապղծություն է, նվիրական սրբությունների հանդեպ գործով անարգանք:

Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից տևական ժամանակ արգելված է եկեղեցիների և վանական համալիրների անմիջապես բակում կազմակերպել նման միջոցառումներ:

Շուրջ մեկ տարի Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից և տեղի են ունենում ոչ կանոնական, անվավեր «խորհրդակատարություններ», որոնց ցավոք մասնակից են դառնում անտեղյակ հավատացյալներ ։

Կոչ ենք ուղղում պատկան պետական մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հարկ ենք համարում նաև զգուշացնել նման միջոցառումների տուրք գնացող կազմակերպիչներին և մասնակիցներին, որ նման երևույթները խաթարում են Աստվածպաշտական արարողության վեհությունը հավատացելոց կյանքում և զրկում են Աստծո օրհնությունից»։

Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ահազանգեր է ստանում Օհանավանից. բնակիչները տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։