Jaguar Land Rover-ը սեպտեմբերի 2-ին ներկայացրել է Range Rover շքեղ լիաչափ ամենագնացի ամբողջությամբ էլեկտրական տարբերակի սերիական տարբերակը։ Նորույթը անվանման մեջ ստացել է Electric հավելվածը։

Էլեկտրական Range Rover-ը արտաքինից գործնականում չի տարբերվում ներքին այրման շարժիչով սկզբնական ամենագնացից, տեղեկացնում է Drom.ru-ն։ Արտաքինից տեսանելի տարբերությունները արտանետման խողովակների բացակայությունն են, ավանդական ռադիատորի ճաղավանդակի փոխարեն տեղադրված խուլ վահանակը և օրիգինալ դիզայնով անվահեծերը, որոնք օպտիմալացված են աերոդինամիկայի տեսանկյունից։

Կառուցվածքում կիրառվել են անգլիական ընկերության սեփական մշակման երկու քարշային էլեկտրաշարժիչներ, որոնց համատեղ հզորությունը կազմում է 542 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 850 Ն·մ։

Էլեկտրաշարժիչները սնուցվում են 118,5 կՎտ·ժ տարողությամբ լիթիում-իոնային մարտկոցային բլոկից, որը տեղադրված է թափքի հատակի տակ և ամփոփված է բարձր ամրությամբ ալյումինե կորպուսի մեջ։ Մեկ ամբողջական լիցքավորմամբ ընթացքի պաշարը կազմում է 535 կմ։

350 կՎտ հզորությամբ գերհզոր արագ լիցքավորման կայանից էներգիայի պաշարը 10%-ից մինչև 80% հնարավոր է վերականգնել ընդամենը 22 րոպեում։

Նշվում է, որ էլեկտրական ուժային կայանքի բաղադրիչները մանրակրկիտ մեկուսացված են, ուստի ամենագնացը կարող է հաղթահարել մինչև 900 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ՝ անցնելով գետանցումով։

Նորույթի բեռնված զանգվածը 2,9 տոննա է։ Չնայած մեծ քաշին՝ Range Rover Electric-ը օժտված է սպորտքարերի մակարդակի դինամիկայով. 0-ից մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է ընդամենը 4,5 վայրկյան։