Հնագետները Ուզբեկստանի Սամարղանդի մարզի Ջամբայի շրջանի հնագույն Մինգթեփա քաղաքի տարածքում հայտնաբերել են VIII դարի պալատական համալիրի մնացորդներ։ Ուզբեկստանի Մշակութային ժառանգության գործակալության տվյալներով՝ կառույցը գտնվել է ամրացված միջնաբերդի ներսում և կարող էր ծառայել որպես տեղական կառավարիչների նստավայր։ Սենյակներից մեկում հետազոտողները նաև գտել են նույն ժամանակաշրջանին պատկանող քանդակների բեկորներ։ Այս մասին հայտնել է Medievalists-ը։
Պեղումները գիտնականներին թույլ են տվել վերականգնել խոշոր ճարտարապետական համալիրի հատակագիծը, որի կառուցումը վերագրվում է VIII դարի առաջին կեսին։ Հետազոտողները կարծում են, որ շենքի առանձնահատկությունները կարող են պատմել այն մասին, թե ինչպես էին կազմակերպված քաղաքները, պալատները և կառավարման համակարգը Կենտրոնական Ասիայում վաղ միջնադարում։ Հատկապես հետաքրքիր են ենթադրյալ նստավայրի մեծ դահլիճից հայտնաբերված գտածոները. այնտեղ հայտնաբերված քանդակագործական բեկորներն այժմ ուսումնասիրվում են մասնագետների կողմից։
Մինգթեփան Սողդիանայի՝ Կենտրոնական Ասիայի պատմական շրջանի խոշոր քաղաքային կենտրոններից մեկն էր։ Քաղաքը գոյություն է ունեցել մոտավորապես V դարից մինչև VIII դարի կեսերը և գտնվել է այն տարածաշրջանում, որով անցնում էին առևտրական ուղիներ Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան տարածքների միջև։ Սողդիանցի վաճառականները զգալի դեր էին խաղում առևտրային ցանցերում, որոնք կապված էին Մեծ մետաքսի ճանապարհի պատմական երթուղիների հետ։
Պալատի հենց տեղադրությունն ինքնին առանձնահատուկ նշանակություն ունի հնագետների համար։ Միջնաբերդը քաղաքի ամենաամրացված հատվածն էր, ուստի այստեղ հայտնաբերված կոթողային կառույցը կարող էր պատկանել իշխող էլիտաներին։ Հայտնաբերված համալիրի ճշգրիտ նշանակությունը դեռ պետք է պարզվի։
Պալատը հայտնվել է Կենտրոնական Ասիայում լուրջ քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում։ VIII դարի սկզբին արաբական զորքերը սկսեցին ակտիվորեն ընդարձակվել Մավերաննահրում՝ Ամուդարյա և Սիրդարյա գետերի միջև գտնվող պատմական շրջանում։ Սամարղանդը գրավվել է 712 թվականին, ինչից հետո Սողդիանայում քաղաքական պայքարը շարունակվել է ևս մի քանի տասնամյակ։ VIII դարի կեսերին միջնադարյան Մինգթեփայի գոյության դարաշրջանն ավարտվեց։ Հայտնաբերված նստավայրը և քանդակները կարող են օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչպես էին իշխողներն ապրում և կառավարում քաղաքը նրա ծաղկման վերջին տասնամյակներին։





























