NEWS.am-ի թղթակիցը շարունակում է բացահայտել Չունցինը և ականատես է եղել երկու գետերի միախառնման վայրի վրա իրականացված անօդաչու սարքերի տպավորիչ լուսային շոուին։ Հարյուրավոր լուսավորվող դրոնները սինխրոն սլանում են գիշերային երկինք՝ ափամերձ գոտու վերևում ձևավորելով ծավալային եռաչափ ֆիգուրներ, գրություններ և քաղաքի խորհրդանիշները։

Շոուն տևում է մոտ 15–20 րոպե։ Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այն սովորաբար սկսվում է ժամը 21:00-ին, իսկ հոկտեմբերից ապրիլ՝ 20:30-ին։ Պետական խոշոր տոների օրերին կազմակերպվում են առավել մասշտաբային ցուցադրություններ, սակայն ուժեղ անձրևի կամ քամու պայմաններում շոուն կարող է չեղարկվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հարմար դիտակետ զբաղեցնելու համար հեղինակը խորհուրդ է տալիս տեղում լինել սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ․ տեսարանը ոչ բոլոր կետերից է լավ երևում, ուստի ավելի լավ է նախապես կողմնորոշվել չինական քարտեզներով (Baidu Maps կամ Amap) և մուտքագրել հետևյալ հասցեները․

Չաոտյանմեն հրապարակ՝ «Raffles City Chongqing» (重庆来福士) համալիրի մոտ՝ տեսարան գետերի միախառնման կողմից․ դրոնները հաճախ թռչում են անմիջապես ջրի վրայով։

Նանբինի ափամերձ գոտի՝ Չունցինի քաղաքաշինական պլանավորման ցուցասրահի (重庆市规划展览馆) մոտ՝ ուղիղ, ճակատային տեսարան դեպի Չաոտյանմենի երկինք։

Եթե չեք հասցնում նախապես գնալ և լավագույն տեղերը զբաղեցնել, ապա կարող եք պարզապես այս կողմնորոշիչները մուտքագրել նավիգատորում և ճանապարհով իջնել դեպի ափամերձ գոտի․ ներկայացման հիանալի տեսարանը կբացվի հենց ճանապարհին։

Դիանա Առուշանյան, Չունցին