Կառավարություն ամեն ինչ անում է, Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ կապված միջոցառումները շարունակվում են, այստեղ ինչ խնդիր քննարկվում է, կարելի է ներկայացնել կառավարությանը. Բոլորի ասածներն էլ ուսումնասիրության առարկա են դառնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, ԱԺ–ում NEWS.am—ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԱԺ հանձնաժողովում արցախցիների խնդիրների քննարկման ժամանակ ՔՊ–ականները միահամուռ լքեցին քննարկումը։
«Նման խնդիր չկա, որ կառավարությունը տեղյակ չլինի, կամ կառավարության դռները փակ լինեն այդ խնդիրները ներկայացնելու համար, բայց նաև պետք է փորձենք թույլ չտալ, որպեսզի Ղարաբաղի մեր հայրենակիցների խնդիրները դառնան քաղաքական խնդիրների գեներացման թեմա»,–ասաց նա։
Հարցին՝ դա իշխանությանը վախեցնո՞ւմ է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Չեք նկատե՞լ, որ իշխանությունը վերջին 8 տարիներին ոչնչից չի վախենում»։
Նշենք, որ այսօր ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկում, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Արցախի պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները:
Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի ԱԺ խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։
Քննարկման մեկնարկից մոտ 20-30 րոպե անց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը։ Որպես հեռանալու պատճառ նրանք նշել են քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։











