Boeing ընկերությունը 737 MAX ինքնաթիռներում հայտնաբերել է նախկինում չբացահայտված ծրագրային խափանում, որը որոշակի իրավիճակում կարող է վայրէջքի ընթացքում անջատել ավտոմատ նավիգացիայի համակարգը։ Խնդրի ստուգումը սկսել է ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA), հաղորդում է The Wall Street Journal-ը։
Խափանումը կապված է թռիչքի կառավարման բորտային համակարգչի ծրագրային ապահովման թարմացման հետ։ Այն կարող է դրսևորվել այն բանից հետո, երբ ինքնաթիռը երկրորդ պտույտի է գնում, եթե օդաչուները կրկնակի վայրէջքային մոտեցումից առաջ փոխում են նախապես ծրագրավորված երթուղին։
Այդ դեպքում կարող է անջատվել VNAV ուղղահայաց նավիգացիայի համակարգը, որը ավտոմատ կերպով հաշվարկում և պահպանում է ինքնաթիռի իջեցման պրոֆիլը՝ համաձայն տրված երթուղու։ Միևնույն ժամանակ ավտոպիլոտը պարտադիր չէ, որ ամբողջությամբ անջատվի. Boeing-ը հայտնել է, որ նույնիսկ VNAV-ի խափանման դեպքում այն շարունակում է աշխատել, իսկ օդաչուները պատրաստված են վայրէջք կատարել նաև առանց այս գործառույթի։ Սակայն անձնակազմը ստիպված կլինի լրացուցիչ գործողություններ կատարել և որոշակի իրավիճակում իր վրա վերցնել կառավարման ավելի շատ գործառույթներ։
Խնդիրը հատկապես զգայուն է այն պատճառով, որ կրկնակի մոտեցումը կատարվում է փոքր բարձրության վրա, երբ օդաչուներն արդեն մեծ ծանրաբեռնվածություն են կրում, իսկ եղանակային պայմանները կարող են լրացուցիչ բարդացնել վայրէջքը։
The Wall Street Journal-ի տվյալներով, Boeing-ը խնդրի մասին առաջին տեղեկությունը ստացել է ավիաընկերություններից մեկից 2024 թվականի նոյեմբերին։ 2025 թվականի փետրվարին ընկերությունը եկել է այն եզրակացության, որ անսարքությունը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք պահանջում են անվտանգության ստուգում անցկացնել։ Սակայն այս տարի ավիափոխադրողներից լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո Boeing-ը սկսել է պաշտոնական ստուգումը և սեպտեմբերին դրա արդյունքները փոխանցել FAA-ին։
Օգոստոսի վերջին Boeing-ը խնդրի մասին տեղեկացրել է 737 MAX-ի շահագործողներին և հայտնել, որ այն անմիջական սպառնալիք չի ներկայացնում անվտանգության համար։ Ընկերությունը նաև մշակում է ընթացակարգ, որը թույլ կտա օդաչուներին վերականգնել ավտոմատ նավիգացիան դրա անջատվելու դեպքում, իսկ ինժեներները մշտական ծրագրային շտկման վրա են աշխատում։ Սկզբնապես դրա թողարկումը սպասվում էր միայն 2028 թվականին, սակայն այժմ Boeing-ը փորձում է արագացնել աշխատանքը։
Southwest Airlines և United Airlines ավիաընկերությունները Boeing-ին խնդրել են իրենց չմատակարարել նոր 737 MAX-ներ այն ծրագրային տարբերակով, որում հայտնաբերվել է խափանումը, և օգտագործել նախորդ տարբերակը։ Միևնույն ժամանակ Alaska Airlines, American Airlines, Southwest Airlines և United Airlines ավիաընկերությունները CBS News-ին հայտնել են, որ իրենց նավատորմի շահագործվող 737 MAX ինքնաթիռները չեն օգտագործում ազդակիր ծրագրային տարբերակը։ Թե աշխարհում քանի ինքնաթիռ է արդեն ստացել այս տարբերակը, առայժմ չի պարզվել։
FAA-ն հայտնել է, որ տեղյակ է որոշ 737 MAX-ների բորտային համակարգիչների թարմացման մեջ առկա հնարավոր խնդրի մասին և աշխատում է Boeing-ի ու ավիաընկերությունների հետ միասին։ Գերատեսչությունը մտադիր է գումարել ուղղիչ միջոցների քննարկման հատուկ հանձնաժողով և խոստանում է անհապաղ միջոցներ ձեռնարկել, եթե անվտանգության սպառնալիք հայտնաբերի։
Խնդիրը կարող է անդրադառնալ նաև 737 MAX ընտանիքի ապագա տարբերակների վրա։ FAA-ի ստուգումը կարող է ազդել 737 MAX 10-ի՝ ընտանիքի ամենախոշոր մոդիֆիկացիայի, սերտիֆիկացման ժամկետների, ինչպես նաև վերջերս սերտիֆիկացված 737 MAX 7-ի մատակարարումների վրա։
Նոր ծրագրային խափանումը հերթական փորձությունն է դարձել Boeing-ի համար, որը ավիացիոն կարգավորիչների խիստ ուշադրության ներքո է գտնվում 2018 և 2019 թվականների 737 MAX-ի երկու աղետներից, ինչպես նաև 2024 թվականի հունվարին Alaska Airlines ավիաընկերության 737 MAX 9 ինքնաթիռում վթարային ելքի խցանի պոկվելու միջադեպից հետո։ Միևնույն ժամանակ ներկայիս խնդիրը բնույթով տարբերվում է այդ դեպքերից. Boeing-ը հայտարարում է, որ գործող ընթացակարգերը անձնակազմերին թույլ են տալիս անվտանգ հաղթահարել նկարագրված սցենարը։




























