Գերմանիան կավելացնի բնական գազի մղման ծավալները ստորգետնյա պահեստարանները՝ պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին։ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատարինա Ռայխեն, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համաձայնեցմամբ, պետական էներգետիկ SEFE ընկերությանը հանձնարարել է լրացուցիչ գազ գնել և մեծացնել դրա մղումը, գրում է DW-ն։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ որոշումը պետք է դառնա լրացուցիչ միջոց՝ ձմռանը նախորդող շրջանում երկրի գազամատակարարման կայունությունն ամրապնդելու համար։
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ երկրի գազապահեստարանները լցված էին 57,6%-ով, կամ մոտավորապես 142,6 ՏՎտ·ժ-ով։ Սա էապես ցածր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածների ցուցանիշներից։ Միևնույն ժամանակ վերջին օրերին մղման օրական ծավալները որոշ դեպքերում մնում էին ցածր։
Նախարարությունում պարզաբանել են, որ մղման ներկայիս տեմպերը մեծապես կապված են շուկայի տնտեսագիտության հետ․ գազի համաշխարհային բարձր գների պայմաններում շուկայի մասնակիցների համար պակաս շահավետ է այն գնել և մղել պահեստարաններ։ Սակայն կառավարությունը աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով անհրաժեշտ է համարում լրացուցիչ համալրել պաշարները։
SEFE-ն ինքնուրույն կորոշի լրացուցիչ գնումների ծավալներն ու ժամկետները։ Ընկերությունը նաև պետք է ձեռք բերի գազի լրացուցիչ խմբաքանակներ, որպեսզի շուկայից դուրս չմղի մյուս մասնակիցներին, որոնք կատարում են ձմռանը պատրաստվելու իրենց պարտավորությունները։
Միևնույն ժամանակ գազի անհրաժեշտ ծավալների կուտակման վերաբերյալ մյուս մատակարարների և թրեյդերների պահանջները դեռևս ուժի մեջ են։ Կառավարությունում ակնկալում են, որ SEFE-ի վերաբերյալ որոշումը ազդակ կդառնա մյուս ընկերությունների համար՝ շարունակելու նախապատրաստվել ձմեռային սեզոնին։
Դաշնային ցանցային գործակալությունը միաժամանակ նշում է, որ պահեստարանների լցվածության ցածր մակարդակն ինքնին դեռ չի նշանակում մատակարարման հուսալիության սպառնալիք։ Իրավիճակի վրա ազդում են ոչ միայն պահեստարաններում եղած պաշարները, այլև խողովակաշարերով ներմուծումը, հեղուկացված բնական գազի մատակարարումները, ենթակառուցվածքների վիճակը և պահանջարկը։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ Գերմանիա գազի ներմուծումը կայուն էր։
Միաժամանակ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ստեղծել գազի ռազմավարական պահուստ։ Ինչպես հայտարարել են էկոնոմիկայի նախարարությունում, դրա ձևավորումը կսկսվի օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո՝ 2027 թվականին։
Գերմանիայի էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միությունը (BDEW) ողջունել է մղման ծավալների ավելացման որոշումը։ Միության ղեկավար Կերստին Անդրեեն որոշումն անվանել է առաջիկա ձմռանը գազամատակարարման լրացուցիչ պաշտպանություն, հատկապես անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակի և ռազմավարական պահուստի բացակայության հետնապատկերին։
Միաժամանակ Անդրեեն ընդգծել է, որ Գերմանիայի գազամատակարարումը մնում է հուսալի։ Նրա գնահատմամբ՝ մատակարարները կատարում են պայմանագրային պարտավորությունները՝ օգտագործելով սեփական գնումների պորտֆելները, ներառյալ պահեստարաններից ստացվող գազը։ Համակարգի լրացուցիչ կայունությունն ապահովել են նոր հեղուկացված գազի տերմինալները և ներմուծման դիվերսիֆիկացիան։




























