Եգիպտոսը և Եթովպիան միմյանց բարձրաստիճան դիվանագետներին հայտարարել են persona non grata, ուրբաթ հայտել է The National-ը։

Պարբերականի տվյալներով՝ նախօրեին Եթովպիայի ԱԳՆ-ն պահանջել է Եգիպտոսի դիվանագիտական առաքելության ղեկավար պաշտոնյայից՝ Ահմեդ Մոհարամ Ահմեդ Սուլեյմանից, 48 ժամվա ընթացքում լքել Եթովպիան։ Նման քայլի պատճառները պաշտոնապես չեն նշվել։ Ի պատասխան՝ Եգիպտոսը կարգադրել է, որ Կահիրեում Եթովպիայի դեսպանատան խորհրդականը նույնպես երկու օրվա ընթացքում հեռանա երկրից։

Ավելի վաղ Էրիթրեայի իշխանությունները որոշել էին խզել Եթովպիայի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները։ Ասմերայի այս քայլը հաջորդել էր այն բանին, որ ավելի վաղ Ադիս Աբեբան կարգադրել էր փակել իր դեսպանատունը Էրիթրեայում և 10 էրիթրեացի դիվանագետների հայտարարել էր persona non grata։

The National-ը հիշեցրել է, որ Ադիս Աբեբան Եգիպտոսին, Էրիթրեային և Սուդանին մեղադրում է վերջերս ստեղծված ընդդիմադիր զինված խմբավորումների դաշինքին աջակցելու մեջ, որը գլխավորում է Թիղրայի ժողովրդի ազատագրման ճակատը (ԹԺԱՃ)։ Այդ երկրների իշխանությունները հերքում են մեղադրանքները։ Մինչդեռ Եթովպիայի հյուսիսում անցյալ շաբաթ վերսկսվել են մարտերը դաշնային զորքերի և ԹԺԱՃ-ի միջև։

Բացի այդ, ինչպես հիշեցրել է պարբերականը, Եգիպտոսը և Եթովպիան արդեն երկար ժամանակ վիճում են Նեղոսի ջրային ռեսուրսների օգտագործման հարցի շուրջ։ Կահիրեում պնդում են, որ 2025 թվականին Եթովպիայում Կապույտ Նեղոսի վրա բացված «Մեծ եթովպական վերածնունդ» ՀԷԿ-ը կարող է կրճատել Եգիպտոս հասնող ջրի հոսքը։ Եգիպտոսն իր քաղցրահամ ջրի մոտ 90 տոկոսը ստանում է Նեղոսից, և գետի ռեժիմի ցանկացած փոփոխություն երկրի համար ռազմավարական վտանգ է ներկայացնում։ Եգիպտոսի իշխանությունները դժգոհություն են հայտնել նաև Եթովպիայի՝ Կապույտ Նեղոսի վրա ևս երեք ՀԷԿ կառուցելու ծրագրերի կապակցությամբ։ Եթովպիայի հիդրոէներգետիկ նախագծերի առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև Սուդանը։