Թիթեռները կարող են փրկվել թռչունների հարձակումներից ոչ միայն քողարկման կամ վառ նախազգուշացնող գունավորման շնորհիվ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց թևերի նախշը, թռիչքի ընթացքում բնորոշ շարժումների հետ միասին, ստեղծում է օպտիկական պատրանք, որի պատճառով գիշատիչը սխալվում է միջատի շարժման ուղղությունն ու արագությունը գնահատելիս։

Էքսեթերի և Էսեքսի համալսարանների գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Ըստ հետազոտողների, թևերի վրա գտնվող շերտերն ու բծերը կարող են աղավաղել այն տեսողական ազդակները, որոնք տեսողական համակարգը օգտագործում է շարժվող օբյեկտի հետագիծը որոշելու համար։ Արդյունքում թռչունը հարձակման վճռորոշ պահին կարող է շարժվել սխալ ուղղությամբ և վրիպել։

Մեխանիզմը հիշեցնում է, այսպես կոչված, «վարսավիրի սյան» էֆեկտը․ վարսավիրանոցների ավանդական կարմիր-սպիտակ սյան վրա պտտվող շերտերը ընկալվում են որպես դեպի վեր շարժվող, թեև սյունն ինքնին մնում է տեղում։

Թիթեռների դեպքում այս էֆեկտը առաջանում է թևերի նախշի և դրանց շարժումների համադրությունից։ Թռիչքի ընթացքում թևերը փոխում են իրենց անկյունը․ վեր բարձրացող թափահարման ժամանակ դրանք մոտենում են իրար, իսկ ներքև շարժվելիս՝ հեռանում։ Այդ պատճառով դրանց վրա գտնվող շերտերը հաջորդաբար ստեղծում են շարժման կեղծ ազդակներ։ Թռիչքի անկանխատեսելի հետագծի հետ համատեղ սա կարող է ստիպել գիշատչին սխալ որոշել թիթեռի շարժման ուղղությունը։

Հետազոտողները բարձր արագությամբ տեսախցիկով, վայրկյանում ավելի քան հազար կադր արագությամբ, նկարահանել են վեր բարձրացող թիթեռներին և վերլուծել եվրոպական թիթեռների շուրջ 400 տեսակ։ Այնուհետև 100 կամավոր փորձել է սենսորային էկրանին բռնել տարբեր թևային նախշերով վիրտուալ թիթեռների։

Բացի այդ, գիտնականները համակարգչային փորձ են անցկացրել, որի ընթացքում պատահական տարբերակներից հաջորդաբար ընտրվել են ավելի քան 50 հազար թևային նախշեր՝ կախված նրանից, թե որքան ուժեղ էին դրանք աղավաղում շարժման ընկալումը։ Արդյունքում համակարգչային մոդելը հանգել է այնպիսի տարբերակների, որոնք զարմանալիորեն նման են իրական թիթեռների մոտ հանդիպող նախշերին։

Գիտնականների կարծիքով, սա ցույց է տալիս, որ շարժման պատրանք ստեղծելու ունակությունը կարող էր նշանակալի դեր խաղացած լինել թիթեռների թևերի նախշերի էվոլյուցիայի մեջ։

Հետազոտողները նշում են, որ անշարժ վիճակում թիթեռները կարող են ապավինել քողարկմանը, սակայն թռիչքի ժամանակ այն դադարում է գործել։ Այս դեպքում վառ նախշը կարող է կատարել այլ գործառույթ՝ ոչ թե թաքցնել միջատին, այլ խանգարել գիշատչին ճշգրիտ որոշել նրա դիրքը։

Գիտնականները կարծում են, որ պաշտպանության նման եղանակը բնության մեջ կարող է շատ ավելի լայն տարածում ունենալ։ Նմանատիպ սկզբունք ենթադրվում է նաև որոշ այլ կենդանիների մոտ, այդ թվում՝ զեբրերի, օձերի, թռչունների, մողեսների և ձկների, սակայն դրա դերի համոզիչ ապացույցներն առայժմ քիչ են։