Ի՞նչ օգուտ, որ դուք փայլուն հայերեն գիտեք, եթե ձեր իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղը հանձնվեց, իսկ ադրբեջանցին գալիս ու վնաս է հասցնում մեր հայրենակցին։ Ո՞ւմ է այստեղ պետք հայերենի ձեր փայլուն իմացությունը։ Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանին։

Անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելուն, որն ընդգրկված է ԱԺ այսօրվա նիստի օրակարգում, Գրիգորյանը, մասնավորապես, պահանջեց նշել, թե որոնք են դրա իրավական հիմքերը։

«Ազգային ժողովի օրակարգում ընդգրկվել է մի հարց, որը վերաբերում է եկեղեցու ներքին գործերին։ Դուք քննիչ հանձնաժողով եք ստեղծում։ Մենք դա հակասահմանադրական քայլ ենք համարում և դրա համար բոլոր հիմքերն ունենք։ Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող գործող օրենսդրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ Հայ առաքելական եկեղեցին անջատված է պետությունից, և պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Ամփոփելով խոսքը՝ նա ընդգծեց, որ իշխող քաղաքական ուժի առաջարկած նախագիծն այլ բան չէ, քան ուղղակի միջամտություն եկեղեցու ներքին կյանքին, և որ նման քննիչ հանձնաժողով Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում սկզբունքորեն չի կարող ստեղծվել։

«Ազգային ժողովի ո՞ր լիազորությունների շրջանակում է եկեղեցու ներքին հարցերի քննարկումը»,- հետաքրքրվեց Աննա Գրիգորյանը։

Ի պատասխան՝ ԱԺ նախագահող Ռուբեն Ռուբինյանը նախ անդրադարձավ հայերենի իր իմացության մակարդակին վերաբերող դիտարկմանը։

«Շնորհակալ եմ հաճոյախոսության համար, բայց իմ հայերենն իդեալական չէ։ Ժամանակ առ ժամանակ ես էլ եմ սխալներ թույլ տալիս։ Արտասանության հետ կապված խնդիրներ ունեմ. չեմ կարողանում «ռ» տառն արտասանել»,- ասաց նա։

Այնուհետև խորհրդարանի նախագահողը անդրադարձավ քննիչ հանձնաժողովի իրավական կարգավիճակին՝ նշելով, որ այն արդեն իսկ ստեղծված է։

«Ինչ վերաբերում է ձեր հիմնական պնդումներին, ապա քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծվել է։ Մենք հիմա չենք քննարկում՝ արժե այն ստեղծել, թե ոչ։ Այն արդեն ստեղծված է իրավունքի ուժով»,- նկատեց Ռուբինյանը։

Նա նաև ընդգծեց, որ ընդդիմությունը կարող է վիճարկել այդ հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերը։

«Դա ձեր իրավունքն է։ Կարող եք վիճարկել, բայց ես հարցին այսպես եմ մոտենում. գոյություն ունի Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենք՝ ընդունված Ազգային ժողովի կողմից, և կան պատգամավորներ, ովքեր առաջարկել են քննիչ հանձնաժողով ստեղծել»,- նշեց ԱԺ նախագահողը։