Հայ Առաքելական Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ դա իշխանությունների կողմից ուղղակի միջամտություն է Եկեղեցու գործերին։ Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ապա այն, Վարդևանյանի խոսքով, վերաբերում է Կառավարության գործունեությանը, ինչը մտնում է խորհրդարանի լիազորությունների շրջանակում։ Նա նշել է, որ տվյալ դեպքում չեն ապահովվել սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը՝ հիշեցնելով, որ նման միջադեպերը բացառելու համար պետությունն ունի նաև կանխարգելիչ գործառույթներ։
Անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած այսօրվա քաշքշուկին՝ փոխնախագահը հիշեցրել է օրենքի պահանջը, ըստ որի՝ նիստերի դահլիճում վիրավորական արտահայտություններն անընդունելի են։ «Նման իրավիճակներում մենք հիմնականում պատասխանում ենք իշխանությունների հարձակումներին։ Հնչել է քաղաքական գնահատական, որին իշխանությունները կարող էին պատասխանել իրենց քաղաքական գնահատականով, այլ ոչ թե տեղից վիրավորական հայտարարություններ անել։ Դա անթույլատրելի է։ Կան կարմիր գծեր, որոնք պետք է հարգել»,— ընդգծել է Վարդևանյանը։











