Հերթական անգամ ադրբեջանցի ահաբեկիչը ապօրինի հատում է մեր պետական սահմանը և հանցագործություն կատարում. Սյունիքի մարզում սա հերթական դեպքն է, տարիներ առաջ մենք ցավալիորեն ևս ունեցել ենք նման դեպքեր, օրինակ Զանգեզուրի պղնձամուլիբդենային կոմբինատի պահնորդի սպանությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Թվում էր, թե այսօրինակ դեպքերը պետք է ահազանգ լինեին, որպեսզի այս իշխանությունը իրեն վերապահված գործառույթը պատշաճ կատարի, այն է՝ ապահովի Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և ՀՀ քաղաքացիների անվտանգություն։
Բայց ի՞նչ է տեղի ունենում, եթե դիտարկում ենք պաշտոնական հաղորդագրությունը, որ իբր ադրբեջանցի դասալիքը, այսպես ասած, անխոչընդոտ շշվացնելով հասնում է մինչև մեր բնակավայրերը։ Հետևաբար եթե սա ազդակ չէր, որ մեր զգոնությունը ստուգեն, ապա ինչ է լինելու երբ որ դիվերսիա տեղի ունենա։ Մեր մտահոգությունը սրա մասին է և մենք սրա մասին ենք ահազանգում»։ Յոլյանը հայտարարեց, որ գործող իշխանության օրոք Սյունիքի մարզում բնակչությունը 20000-ով նվազել է. «Մեր գյուղական բնակավայրերը աստիճանաբար դատարկում եք։ Մյուս կողմից հարց է առաջանում, որ օրինակ ահաբեկիչը ինչպես է սարերով, ձորերով իջել, հասել մինչև բնակավայր ու մի մարդու չի հանդիպել։ Ասեմ՝ ինչ է տեղի ունենում։ Հիմա թվում է, թե աշնանացանի, գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է, բայց որևէ պետական ծրագիր, աջակցություն այս պահի դրությամբ չի իրականացվում։ Վառելիքի գինը հասել է 700 դրամի, և տպավորություն է, որ 46000 դրամ թոշակ ստացող, իսկ մեր բնակավայրերը մենք գիտենք, որ ցավոք սրտի ծերացող են, պիտի գյուղատնտեսական աշխատանքներ կազմակերպեն։
Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, անցնում են այդ տարածքները, սարերը ու մի հովիվի չեն հանդիպում։ Չեն հանդիպում, որովհետև ձեր իշխանության օրոք անասնագլխաքանակը կրկնակի անգամ նվազել է, որևէ աջակցություն չի իրականացվում։
Ու երբ որ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում, ասում ենք այսքանից հետո դեռ խոսվում է, այն մասին, որ հնարավոր է խոշորացման անվան տակ նաև սահմանամերձ բնակավայրերում դպրոցներ փակվեն, դուք ասում եք՝ ցույց տվեք մի փաստաթուղթ։
Իհարկե դրա ժամանակն էլ է գալու, տեսնելու ենք ինչ եք անելու, շատ ուրախ կլինենք, որ 50 և ավել երեխա ունեցող բնակավայրերում դպրոցներ կառուցեք, ծառայություններ մատուցեք ու դադարեցնեք այս գործընթացը մեր բնակավայրերը դատարկելու։
Եվ վերջում ուզում եմ ավելացնել, որ դուք նաև այսօր ցույց տվեցիք, որ մի խնդիր ունեք լուծելու, այս էական նշանակության մարտահրավերները շրջանցել, ապահովել հաց և տեսարան, բայց քանի որ նաև հացն եք սկսել կտրել, նպաստներն եք կտրում, թաղման նպաստներն եք կտրում, մնացել է միայն տեսարանը»։











