Եգիպտացի հողագործ Խալեդ ալ-Շահաթն իր հողամասում հայտնաբերել է ավելի քան 3200 տարի առաջ՝ Ռամզես II փարավոնի օրոք կերտված երկու հսկայական արձանի բեկորներ, գրում է Live Science-ը:
Գտածոն հայտնաբերվել է Եգիպտոսի հյուսիսում գտնվող Բեհբեյթ էլ-Հագար գյուղում: Տղամարդն այդ մասին անհապաղ տեղեկացրել է երկրի զբոսաշրջության և հնությունների նախարարությանը, ինչից հետո տեղանք են ժամանել հնագետները:
Ռամզես II-ը Եգիպտոսում գահակալել է մոտավորապես մ.թ.ա. 1279–1213 թվականներին (շուրջ 66 տարի): Նրա օրոք եգիպտական տերությունը հյուսիս-արևելքում տարածվել է մինչև ժամանակակից Սիրիայի սահմանները: Փարավոնը հայտնի է դարձել իր լայնածավալ շինարարական նախագծերով, իսկ նրա արձանները հայտնաբերվել են երկրի տարբեր անկյուններում:
Բեկորները գտնվել են բժշկության և մոգության հին եգիպտական աստվածուհի Իսիդային նվիրված տաճարային համալիրից դեպի արևմուտք ընկած տարածքում: Կահիրեի համալսարանի եգիպտագետ Մահմուդ Իմամի խոսքով՝ նախկինում ևս այստեղ հայտնաբերվել են Ռամզես II-ի անունով ճարտարապետական դետալներ:
Նորահայտ արձաններից մեկի սկզբնական բարձրությունը կարող էր հասնել 8.5 մետրի, սակայն մեր օրեր է հասել հիմնականում գլխի հատվածը՝ շուրջ 1.6 մետր բարձրությամբ: Փարավոնը պատկերված է կրկնակի թագով, որը խորհրդանշում էր Վերին և Ստորին Եգիպտոսների միավորումը:

Հենասյան վրա պահպանվել է հիերոգլիֆային արձանագրություն: Այն ներկայացնում է փարավոնի Հորի անունը, որը մոտավորապես թարգմանվում է որպես «Հզոր ցուլ, որ սիրել է Մաատին»: Հին եգիպտական կրոնում Մաատը մարմնավորել է ճշմարտությունը, արդարությունը և համաշխարհային կարգը:
Երկրորդ արձանն ունի մոտ 2,4 մետր բարձրություն և, ըստ ենթադրությունների, դարձյալ պատկերում է Ռամզես II-ին: Փարավոնի գլխին նեմես է՝ եգիպտական տիրակալներին բնորոշ գծավոր գլխազարդ: Մոտակայքում հնագետները հայտնաբերել են հիերոգլիֆներով վարդագույն գրանիտե սալաքար: Դրանում Ռամզես II-ը կոչվում է «Վերին և Ստորին Եգիպտոսի արքա» և հին եգիպտական արևի աստծու՝ «Ռայի որդի»:
Այս նոր գտածոները հաստատում են, որ Ռամզես II-ի օրոք այնտեղ լայնածավալ շինարարություն է իրականացվել: Դեռևս 2017 թվականին Մահմուդ Իմամը և նրա գործընկերները նկարագրել էին փարավոնի անունով երկու ճարտարապետական բեկոր, որոնք գտնվել էին Իսիդայի տաճարի մոտ: Հենց այդ գտածոների հիման վրա էլ գիտնականները ենթադրել էին, որ այդ տիրակալի օրոք տաճարի տարածքում խոշոր շինարարական աշխատանքներ են տարվել:
Իմամի կարծիքով՝ հետագա պեղումները կօգնեն ավելի լավ հասկանալ տաճարային համալիրի վաղ պատմությունը: Այդուհանդերձ, հուշարձանին սպառնում է ժամանակակից կառուցապատման ընդլայնումը, ուստի հնագետները հրատապ են համարում շարունակել հետազոտությունները՝ հին եգիպտական պատմության այս արժեքավոր վկայությունները փրկելու համար:




























