ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի մերժել է Խալիդ Շեյխ Մոհամեդի և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ևս երկու ենթադրյալ կազմակերպչի բողոքարկումը։ Նրանք ձգտում էին, որ կառավարությունը կատարի մեղքի ընդունման համաձայնագրի պայմանները, որից հետագայում հրաժարվել էր, հաղորդում է NBC News-ը։

Դատարանի որոշումը վերացնում է 2028 թվականին ռազմական տրիբունալում Մոհամեդի դատավարության մեկնարկի ճանապարհին եղած խոչընդոտներից մեկը։ Նրան կարող է սպառնալ մահապատիժ։ 2006 թվականից նա պահվում է Կուբայում՝ Գուանտանամոյի ամերիկյան ռազմական բազայում։

Մոհամեդին մեղադրում են դավադրությունը ղեկավարելու մեջ, որի նպատակն էր առևանգված ինքնաթիռները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ուղղել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին և Պենտագոնի շենքին։ Առևանգված ևս մեկ ինքնաթիռ կործանվել էր Փենսիլվանիա նահանգի դաշտերից մեկում։

Մոհամեդի հետ միասին բողոքարկում էին ներկայացրել նաև Մուստաֆա Ահմեդ ալ-Հաուսավին և Վալիդ բին Ատաշը։ Նրանք նույնպես պահվում են Գուանտանամոյում և պետք է կանգնեն դատարանի առաջ։

2024 թվականին երեք մեղադրյալները ռազմական դատախազների հետ կնքել էին մեղքի ընդունման գործարք, որը հաստատել էր ռազմական հանձնաժողովի դատավորը։ Այն նախատեսում էր ցմահ ազատազրկում՝ հետագա դատական քննության փոխարեն, որի շրջանակում կարող էր նշանակվել մահապատիժ։

Սակայն մի քանի օր անց այն ժամանակվա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մերժել էր համաձայնագիրը՝ հայտարարելով, որ ունի այն չեղարկելու լիազորություններ։

Ռազմական դատարանները եկել էին այն եզրակացության, որ Օսթինը նման լիազորություններ չուներ։ Սակայն օգոստոսին Կոլումբիայի օկրուգի ԱՄՆ Վերաքննիչ դատարանը որոշում էր ընդունել հօգուտ կառավարության, ինչից հետո մեղադրյալները դիմել էին Գերագույն դատարան։ Մասնավորապես, նրանք պնդում էին, որ վերաքննիչ ատյանը իրավունք չուներ միջամտելու այս գործին։

Մոհամեդի դատավարության մեկնարկի բազմամյա ձգձգումը մասամբ կապված է ԿՀՎ-ի կողմից խոշտանգումների կիրառմամբ ստացված ապացույցների վերաբերյալ մտահոգությունների հետ։

Դավադրության ևս մեկ ենթադրյալ մասնակից՝ Ալի Աբդուլ Ազիզ Ալին, որը նույնպես պետք է կանգնի դատարանի առաջ, բողոքարկմանը չէր մասնակցել։