Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը երկուշաբթի հայտարարեց, որ ինքն ու իր զուգընկերը սպասում են իրենց առաջնեկին։ Հղիությունը հնարավոր է դարձել փոխնակ մոր և ձվաբջջի դոնորի օգնությամբ։
«Մեզ մոտ շտապում է ինչ-որ շատ առանձնահատուկ մեկը։ Կտեսնվենք 2027 թվականին, փոքրիկ»,- գրել է Յեթենը Instagram-ի իր անձնական էջում՝ ավելացնելով մանկան և շշիկի էմոջիներ։
«Բառերը չեն բավականացնի՝ շնորհակալություն հայտնելու մեր ձվաբջջի դոնորին, մեր փոխնակ մորը և նրանց երկու ընտանիքներին։ Առանց ձեզ այս ամենը հնարավոր չէր լինի»,- հավելել է վարչապետը։
Յեթենը նշանված է արգենտինացի հոքեյիստ Նիկոլաս Կինանի հետ, որը հանդես է գալիս խոտածածկի հոքեյի ազգային հավաքականում։ Զույգը ծրագրում էր ամուսնանալ այս ամռանը, սակայն հարսանիքը հետաձգեց այն բանից կարճ ժամանակ անց, երբ Յեթենն այս տարի գլխավորեց կառավարությունը։
39 տարեկանում Յեթենը դարձավ Նիդեռլանդների պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ Դա տեղի ունեցավ նրա «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցության անսպասելի հաղթանակից հետո՝ նախորդ տարվա ընտրություններում։
Ինչպես D66-ը հայտնել է իր կայքում, փոխնակ մայրն ու ձվաբջջի դոնորը զույգի հոլանդացի ընկերուհիներն են, որոնք արդեն ունեն իրենց սեփական երեխաները։ Նրանք համաձայնել են օգնել ապագա ծնողներին՝ առանց որևէ առևտրային շահի։ Նիդեռլանդներում փոխնակ մորը վճարելն օրենքով արգելված է։
Կուսակցությունում ընդգծել են, որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ հղիությունը լիովին համապատասխանում է հոլանդական օրենքներին և կանոններին և հնարավոր է դարձել արտամարմնային բեղմնավորման ընթացակարգերի շնորհիվ, որոնք հասանելի են երկրում։
D66-ի տվյալներով՝ երեխայի ծնվելուց հետո Յեթենը մի քանի հանգստյան օր կվերցնի ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար, սակայն երեխայի խնամքի երկարատև արձակուրդ չի ծրագրում։





























