Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում փոթորկի հետևանքով երկու տղամարդ է անհետացել Սև ծովում. ալիքները նրանց քաշել-տարել են ափից։ Ուժեղ ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները խիստ բարդացել են, իսկ եղանակային վատ պայմանների հետևանքով փրկարարական նավերը չեն կարողանում բաց ծով դուրս գալ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Տուապսեի շրջանի քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների վարչության պետ Եվգենի Շևչենկոն։
Պաշտոնյայի խոսքով՝ տղամարդիկ եղել են ոչ սթափ վիճակում։ Հզոր ալիքները նրանց վայր են գցել և քաշել դեպի ջրի խորքը, իսկ ինքնուրույն լողալով ափ դուրս գալ նրանք չեն կարողացել։
«Նրանց փնտրել ենք մինչև ուշ երեկո։ Ափից մոտ 80 մետր հեռավորության վրա դիեր էին երևում, բայց դրանք ափ հանելու ոչ մի հնարավորություն չկար։ Առավոտյան որոնումները վերսկսվեցին, սակայն դիերն այլևս չէին երևում»,— նշել է Շևչենկոն։
Ավելի վաղ անբարենպաստ եղանակի պատճառով Կրասնոդարի երկրամասում վտանգի նախազգուշացում էր տրվել։ Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների կենտրոնը, հղում անելով օդերևութաբանական ծառայությանը, բնակիչներին նախապես զգուշացրել էր սպասվող տեղատարափ անձրևների, ամպրոպի, կարկուտի և ուժգին քամու մասին։





























