Հռոմի Լևոն XIV պապին թոքի ուռուցքի հեռացման հաջող վիրահատությունից հետո լրացուցիչ բուժում չի պահանջվի, չորեքշաբթի հայտնել են Վատիկանի մամուլի ծառայությունից։
Հյուսվածաբանական հետազոտության և մոլեկուլային-կենսաբանական վերլուծության արդյունքները հաստատել են, որ Հովվապետն ունեցել է թոքերի ադենոկարցինոմա, որը չի տարածվել ախտահարված հատվածի սահմաններից դուրս։
«Ուռուցքաբանական գնահատումը հաստատել է, որ հետագա թերապիա չի պահանջվում»,- ասվում է բժշկական տեղեկագրում, որը պատրաստել են պապին բուժած բժիշկներ Լուիջի Կարբոնեն և Ստեֆանո Մարգարիտորան։
Հոկտեմբերի 11-ին Վատիկանը հայտնել էր, որ Հովվապետին թոքում գտնվող հանգույցի պատճառով վիրահատություն է սպասվում։ Բժիշկները հեռացրել են նրա ձախ թոքի մի մասը։ Հռոմի հիվանդանոցում կարճատև մնալուց հետո Լևոն XIV-ը հոկտեմբերի 17-ին վերադարձել է տուն, իսկ հաջորդ օրը ախտորոշումից հետո առաջին անգամ հանրության առաջ է հայտնվել՝ Առաքելական պալատի պատշգամբից անցկացնելով կիրակնօրյա «Angelus Domini» («Տիրոջ Հրեշտակը») աղոթքը։
Այդ ժամանակ Հռոմի պապը հայտարարել էր, որ իր վերապրածն օգնել է իրեն ավելի խորությամբ զգալ մտերմությունը այն մարդկանց նկատմամբ, որոնք բախվում են հիվանդությունների և ֆիզիկական սահմանափակումների։
Հետագա բուժման անհրաժեշտության բացակայությունը լավ նորություն է դարձել Քահանայապետի՝ նոյեմբերին նախատեսված Հարավային Ամերիկա ուղևորությունից առաջ։
Երթուղին պետք է ներառի Պերուն, Ուրուգվայը և Արգենտինան և ենթադրում է առնվազն 14 ավիաչվերթ։ Վատիկանը դեռ պաշտոնապես չի հաստատել, թե արդյոք ուղևորությունը տեղի կունենա, սակայն բժիշկ Մարգարիտորան հայտարարել է, որ դրա չեղարկման համար բժշկական պատճառներ չի տեսնում։





























