Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն կլինի, թե ոչ, անհրաժեշտություն է, որ այս իշխանությունը հեռանա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է լինեն արտահերթ ընտրություններ, եթե իշխանություններին չհաջողվի սահմանադրության փոփոխությանն ուղղված հանրաքվե անել։
«Հիմա իրենք ամեն ինչ հնարում են, մոգոնում են։ Տեսեք, ինչքան արհեստածին խնդիրներ կան մեր կյանքում, որոնց շուրջ անընդհատ փորձում է հասարակության միտքը սևեռել և չթողնել, որ մարդիկ ուրիշ բանի մասին մտածեն՝ սկսած անծայրածիր դատական գործընթացներից մինչև սահմանադրության փոփոխություն, մինչև եկեղեցու դեմ արշավ, մինչև տարածքների հանձնում, այսպես կոչված, անկլավներ և այլն։ Ես անընդհատ շեշտել եմ, որ որևէ հարց հիմնական թեմա են դարձնում հասարակության աչքին, որպեսզի չգիտենք ինչ դիվային, խորքային այլ հարցեր ու ծրագրեր ունեն, որ կարողանան իրականացնել և մեկը մյուսով ծածկելով անընդհատ առաջ տանել։
Հիմա խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին։ Հավանաբար ուրիշ թեմաներ կան, հավանաբար հանձնվելու ինչ-որ թեմաներ կան և փորձում են այս ճանապարհով առաջ բերել։ Եկեղեցու դեմ արշավը ինքնին անօրինական մի գործընթաց է, բայց հավանաբար դարձյալ դիմացը ինչ-որ սպառնալիքներ կան, համազգային նշանակության ավելի մեծ խնդիրներ, որոնք փորձում են այս թեմաներով շեղել»,–ասաց նա։
Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին, Բագրատ Սրբազանն ասաց. «Իրենք պարտված են այդ պայքարում՝ անկախ նրանից, թե ինչքան պետական լծակներ ունեն։ Դուք բոլորդ տեսնում եք անօրինական բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում, սկսած նրանից, որ իրենց նախընտրական ծրագրում և հետո կառավարության ծրագրում ներառել էին եկեղեցու դեմ գործունեությունը։ Հիմա այս գործընթացներով պիտի փորձեն անընդհատ թեման պահել, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ իրենք նահանջել են։
Իրենք հանձնարարություն ունեն դրսից և շարունակելու են այդ հանձնարարությունը իրենց հլու հնազանդ կատարել՝ անկախ նրանից, թե դա ինչ կարժանա պետությանը, ազգին։ Կարևոր իրենց իշխանությունը պահելն է, որի միակ երաշխիքն ու գրավականը Թուրքիա, Ադրբեջան մեր թշնամիներն են»։











