Հնարավո՞ր է արդյոք, որ TRIPP նախագիծը մեկնարկի, սակայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն այդպես էլ չստորագրվի։ Ազգային ժողովի նիստում, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակային ռազմավարական համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին նման հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
ԱԳՄԱ նախարարի պատասխանը դրական էր։
Ըստ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագիրն արդեն նախաստորագրված է։ Ընդ որում, Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հայտարարել են, որ կասկածի տակ չեն դնում այդ փաստաթուղթը։
«Հիմա Ադրբեջանը հայտարարում է, թե այն չի ստորագրելու այլ պատճառով»,- նշեց նախարարը։
Ի պատասխան՝ Կարապետյանը պնդեց, որ Ադրբեջանը շարունակելու է նոր ու անիրատեսական պահանջներ առաջ քաշել։
«Արդյունքում Հայաստանը էլի քցվելու է, քանի որ Ադրբեջանը կստանա ճանապարհը, իսկ մենք հաղորդակցությունների ապաշրջափակումից մեր բաժինը չենք ստանա»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը։











