Խաղաղությունը ենթադրում է նաև նախորդ հարցերը լուծել, մի կողմ դնել ու սկսել նոր էջից։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօևրեին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից 30 տարվա իր արածների համար։
«Թե ով ումից ներողություն կխնդրի, ինչի համար, ես դա արդեն չեմ կարող ասել, բայց այն, որ խաղաղությունը ենթադրում է՝ մի կողմ դնել հարցերը և սկսել կառուցել հարաբերություններ, սա միանշանակ է։ Մենք գնում ենք այդ ճանապարհով և մեր օրակարգային հարցերից մեկը հենց հարաբերությունների կարգավորումն է, ապաշրջափակումն է, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է և, իհարկե, տնտեսական համագործակցությունը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Հաջիևը հայտարարել է, որ իրենց ցավ ենք պատճառել, Հասմիկ Հակոբյանն ասաց. «Մենք 30 տարի միմյանց ցավ ենք պատճառել։ Եթե պատերազմ է եղել, այնտեղ զինվոր է զոհվում, իր ընտանիքին ենք ցավ պատճառում, մեր զինվորն է զոհվում, մեր ընտանիքին են ցավ պատճառում։ Ո՞վ է առաջինը, ո՞վ է մեղավոր, դնում եմ մի կողմ։
Ոյո, միմյանց ցավ ենք պատճառել, բայց հիմա դա դնել, վերցնել, դա չի աջակցում խաղաղություն ունենալուն, պետք է այդ ամեն ինչը դնել մի կողմ, նոր էջից կառուցել նոր հարաբերություններ»,–ասաց նա։











